Հայկական կողմի իրականացրած դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը մեղսունակ է՝ չնայած հոգեկան որոշ խնդիրներին: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը:
Փաստաբանն ասաց, որ ռուսական կողմից հայկական կողմին փոխանցված փաստաթղթից տեղեկանում են, որ ժամանակին Պերմյակովը բազմիցս գտնվել է հոգեբույժների հսկողության տակ, հոգեբուժական բաժանմունքներում եղել է նաև բանակ զորակոչվելուց հետո: Եղել են լուրջ կասկածներ նրա վարքի հետ կապված, քանի որ բանակում նա իրեն տարօրինակ է դրսևորել:
«Եղել է դեպք, երբ նա աթոռով հարվածել է սպաներից մեկին, քանի որ սպան, իր խոսքով, խանգարել է իրեն և աթոռը քաշել իր տակից: Պերմյակովի մոտ բազմիցս նկատվել է նաև ագրեսիա, եղել է դեպք, երբ Պերմյակովը 2-3 օր շատ տխուր է եղել, լացել է և ասել, թե մայրը մահացել է, անցել են օրեր հանդարտվել է, բայց Պերմյակովի մայրը ողջ է»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ ներկայացնելով Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը:
Փաստաբանի խոսքով՝ հոգեբույժները հստակ նշել են, որ արգելվում է, որպեսզի Պերմյակովը զենքով ծառայություն իրականացնի, սակայն, Պերմյակովը ծառայության ընթացքում կրել է զենք և այդ զենքով էլ լքել է ծառայության վայրը»:
«Վերջինիս մոտ հայտնաբերվել է նոթատետր, որում եղել է նամակ՝ ուղղված ծնողներին: Նամակում, մասնավորպես, նշված է եղել, որ այն, ինչ կատարվել է, ինքը չի արել, դա արել է իր մեջի մարդը»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Փորձագետներին Պերմյակովն ասել է, որ երեխաներն իր համար ծաղիկներ են, սակայն հարցին, թե ինչո՞ւ է սպանել երեխաներին, նա պարզունակ պատասխան է տվել. «Այդպես ստացվեց»: