ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամանով' ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Տիգրան Խաչատրյանը հեռացվել է աշխատանքից:
Օգոստոսի 19-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանի համաձայն ծառայողական քննություն էր նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի նկատմամբ, ում լիազորությունները դադարեցվել էին մինչև ծառայողական քննության ավարտը: Միևնույն ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համապատասխան գրություն էր ուղարկել Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայություն՝ հնարավոր չարաշահումների վերաբերյալ հարկադիր կատարողի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար: Ծառայողական քննության արդյունքում հաստատվել են Տիգրան Խաչատրյանի կողմից օրենսդրական մի շարք դրույ թների խախտման փաստերը: Մասնավորապես, վերջինիս կողմից սահմանված կարգով և ժամկետներում չեն հարուցվել կատարողական վարույթներ և չեն իրականացվել օրենքով սահմանված գործողություններ: Ծառայողական քննության ընթացքում ձեռք են բերվել նաև հավաստի տվյալներ այն մասին, որ Տիգրան Խաչատրյանը մի շարք կատարողական վարույթներով պարտապաններից բռնագանձել է գումարներ, որոնք չեն մուտքագրվել Ծառայության դեպոզիտ հաշվին և յուրացվել են: Հարկադիր կատարման ծառայությունը հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանը' Ծառայությունում ունենալ միայն օրենքի տառը հարգող ու պատվախնդիր հարկադիր կատարողներ: