Ճիշտ կլինի Հայ ազգային կոնգրես դաշինքը պահպանել, հնարավոր է նաեւ դուրս եկածներն էլ միանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: «Փաստորեն այն մի խումբ մարդիկ, որոնք ամեն մեկին պիտակավորում էին եւ մարդկանց վանում էին, արդեն դուրս են գալիս: Փորձելու ենք պահպանել դաշինքը, այսօր Հայաստանում շատ բան չի մնացել»,- նշեց նա: Պետրոս Մակեյանն ասաց, որ դեռեւս վերջնական ոչինչ չեն կարող ասել, քանի որ անհրաժեշտ է հավաքվել եւ գործընկերների հետ քննարկել: Հնարավոր է նրանք հանդիպեն մինչեւ հաջորդ շաբաթ չորեքշաբթի կայանալիք ՀԱԿ քաղխորհրդի նիստը, ոչ ՀԱԿ-ի շենքում:
Նա նշեց, որ ՀԱԿ անդամ կուսակցություններով կհավաքվեն, «կորոշեն ինչ անել եւ ինչպես ինչպես վարվել այդ անազնիվ քայլի հետ, որ կատարել են իրենց 28 գործընկերները»: ՀԱԿ անդամը պարզաբանեց, որ 2008թ օգոստոսի 1-ի հայտնի հանրահավաքում ստորագրվել է հռչակագիր Հայ ազգային կոնգրես անվանումով, անվան հեղինակը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, բայց դրա տակ ստորագրել են 18 քաղաքական միավորներ եւ նախաձեռնություններ: «Անվանումը վերցրել են, մեր տեսակետը չեն հարցրել, դա, մեղմ ասած, ոչ ազնիվ քայլ է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե այդ հարցին անդրադառնալիս ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պարզաբանել էր, որ այդ անունով կուսակցություն պետռեգիստրում գրանցված չկա, նա նշեց, որ «իրենք թյուրիմացության մեջ են, անունը առանց հարցնելու, օգտագործել են, կոպիտ ասած' գողացել են»: «Կոնգրես դաշինքը մնա, որ ՀՀՇ կուսակցությունը Կոնգրեսի անվան տակ բարգավաճի՞»,- ասաց նա:
Պետրոս Մակեյանը չբացառեց, որ իրենց կուսակցությունից գուցե լինեն մարդիկ, որոնք անդամակցեն նոր ստեղծվելիք կուսակցությանը, բայց ինքը դա չի անի: ««Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հիմնադիրները 1997թ դուրս են եկել ՀՀՇ-ից' ունենալով տարաձայնություններ վարվող քաղաքական կուրսի հետ կապված, եւ հիմա մեր դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել, եւ ցավոք սրտի, ՀՀՇ-ն էլ չի փոխվել, որ նորից վերադառնանք ՀՀՇ»,- ասաց նա: Կուսակցության ղեկավարը նշեց, որ կուլիսներում խոսվել է կուսակցության ստեղծման մասին, մեծամասնությունը դեմ է եղել, բայց «այն, որ ինչ-որ մարդիկ իրենց իրավունք վերապահեն արհարմարհելով եւ անտեսելով մնացած գործընկերների տեսակետը, անունը գողանան, մեղմ ասած' ազնիվ չէ»: «Նոր կուսակցություն չի ստեղծվում, ՀՀՇ-ն անունը փոխում են, դա երեւում է, երբ նախաձեռնողներին նայում ես, կեսը ՀՀՇ-ից են, կեսն էլ անկուսակցական, որոնք վերջին տարիներին կորդինացրել են Կոնգրեսի աշխատանքները»,- ասաց նա:
Պետրոս Մակեյանը շեշտեց, որ փորձելու են համախմբել քաղաքական հնարավոր մտահոգ ուժերին,հասարակության մեջ մտցնել այն, որ հնարավոր է երկրում ինչ-որ բան փոխել:
Նշենք, որ 28 անհատներ դիմել են Հայ ազգային կոնգրես անունով նոր կուսակցություն ստեղծելու մասին: Իսկ նախօրեին ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին եւ ասել, որ Կոնգրեսն այլեւս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: «Նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են»,- ասել է նա: