«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահը հանդիպել է Պարույր Հայրիկյանին, իսկ հանդիպման օրակարգային հարցը եղել է օրեր առաջ Հայրիկյանի դեմ իրականացված բացահայտված մահափորձի հանգամանքները:
Հաշվի առնելով, որ Պարույր Հայրիկյանի ինքնազգացողությունն այսօր այնքան էլ լավ չէր, զուգահեռաբար նա նաև զբաղված էր, լուրի մասին մանրամասներ իմանալու նպատակով դիմեցինք ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի անդամ Վրեժ Զատիկյանին: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խնդրեց լուրի իսկությունը ճշտել հենց Պարույր Հայրիկյանից:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին' ժամը 23:30-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա' աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Այսօր Պարույր Հայրիկյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ իր դեմ հարուցված խոչընդոտն անհաղթահարելի ճանաչելու պահանջով: