Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ' վերջին շրջանում հաճախակի դարձած թուրք-ադրբեջանական փոխադարձ ռազմական այցելություններն արտացոլվում են հայ-ադրբեջանական սահմանին սպառնալից կերպով աճող լարվածության մեջ: «Հայկական բանակի կողմից վերջին երկու ամիսներին իրականացված պատժիչ գործողությունները մասամբ կասեցրել են Ադրբեջանի ակտիվությունը: Սակայն, Թուրքիան ամեն կերպ փորձելու է նոր խնդիրներ ստեղծել Ռուսաստանի Դաշնության համար կարևոր նշանակություն ունեցող հարակից տարածաշրջաններում' դրանով իսկ փորձելով խոչընդոտել ՌԴ կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններին»,- լրագրողների հետ հոկտեմբերի 19-ին կայացած հանդիպմանը կարծիք հայտնեց նա:

 

«Ադրբեջանն իր գործողություններով բոլորին ցույց տվեց, որ չի կարող հանդիսանալ իբրև խաղաղություն արտահանող երկիր»,- շեշտեց Մելիք Շահնազարյանը' հավելելով, որ մեր սահմանների ապահովությունն առաջիկայում պայմանավորված է լինելու ռազմական դիվանագիտության գործոնով, որը հաջողությամբ իրականացնում է Պաշտպանության նախարարությունը: «ՀՀ ՊՆ կողմից իրականացվող գործողություններն այս պահին հանդիսանում են մեր խաղաղության միակ ապավենը. այդ առումով մեր դիվանագիտությունը բավական հետ է մնացել»,- ասաց նա: