Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն առաջիկայում դրական փոփոխություններ չի ակնկալում հայ-թուրքական հարաբերություններում: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կուսակցությունը տանում է ծայրահեղ ազգայնականության ուղով, որն ավելի ակնհայտ է դառնում առաջիկա խորհրդարանական ընտրությունների մոտենալուն պես: Ներկայումս թուրքական իշխանությունները ժամանակ չունեն զբաղվելու հայկական հարցով, իսկ մեզ ավելի շատ պետք է անհանգստացնի մեր սահմանների անմիջական հարևանությամբ ընթացող թուրք-քրդական պատերազմը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտնեց նա:

 

Քաղաքագետը հավելեց, որ թուրքական ուղղաթիռների կողմից հայ-թուրքական սահմանի հատումը, ամենայն հավանականությամբ, եղել է պատահականության արդյունք: «Եթե դա արվել է մտածված, ապա ես կարծում եմ, որ մեր կողմից պետք էր բարձրաձայնել այդ փաստը' դիվանագիտական սկանդալի մակարդակով, քանի որ Հունաստանը նմանատիպ դեպքերում նույնպես դժգոհություն է արտահայտում' չնայած այն փաստին, որ Թուրքիայի հետ միասին հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը»,- պարզաբանեց Մելիք-Շահնազարյանը:

 

Ավելի վաղ' ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները 2-4 րոպե տևողությամբ պտտվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Մովսիսյանի փոխանցմամբ,՝Հայաստանի քաղավիացիայի վարչությունը թուրքական կողմից փորձել էր ճշտել, թե ինչ ուղղաթիռներ են դրանք և ինչ նպատակով են հատել սահմանը, որին ի պատասխան Անկարայի կարգավարը պնդել էր, թե ռազմական ուղղաթիռները սահմանը հատել են եղանակային վատ պայմանների պատճառով: