Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հայտարարություն են տարածել հոկտեմբերի 26-28-ը տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը մինչև տարվա վերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու առնչությամբ՝ քննարկելու հակամարտության կարգավորման առանցքային տարրերը և այլ հարցեր:

 

«Մենք նախագահների հետ հանդիպումներում նշել ենք շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության վտանգների մասին: Ծանր զինատեսակների' ականանետների ու հրթիռահրետանային կայանքի կիրառումն անընդունելի է և մեծ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության համար: Մենք խորապես ցավում ենք անմեղ քաղաքացիների շրջանում գրանցված դեպքերի ու մարդկային կորուստների առնչությամբ և ակնկալում ենք, որ կողմերը բոլոր քայլերը ձեռնարկեն բռնությունից խուսափելու համար: Մենք բարձրացրել ենք առաջարկներ՝ ուղղված անվտանգության կայունության ապահովմանը և բանակցությունների համար ավելի կառուցողական մթնոլորտի ստեղծմանը»,- նշվում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

 

Նրանք հայտնել են, որ Բաքվում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ և հավելել, որ աջակցում են բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպատակ ունեն միավորել հայերին ու ադրբեջանցիներին: Համանախագահները տեղեկացրել են նաև, որ Երևանում հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ քննարկելու անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակման հարցը:

 

Հայտարարության մեջ նշվում է, որ շփման գիծը հատելու ժամանակ «համանախագահների ուղղությամբ անհայտ կողմից կրակոցներ են արձակվել՝ ստիպելով նրանց պաշտպանական միջոցներ կրել»: «Այս միջադեպը հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը կանխելու փորձ է: Սա ընդգծում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ԵԱՀԿ կողմից ուսումնասիրելու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում:

 

ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից տեղեկացրել են, որ հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից: Սակայն դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից: Դիտարկումն անց է կացվել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ գործողնախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: