Հետազոտությունը հերքել է լայն տարածում ունեցող այն կարծիքը, թե կանացի ուղեղի հիպոկամպուսն' ուղեղի կարևորագույն հատվածներից մեկը, որը կապ է հաստատում զգացմունքների և էմոցիաների միջև, ավելի մեծ է քան տղամարդկանց մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Science Daily պարբերականը, նման պնդմամբ հանդես են եկել Ռոսլինդ Ֆրանկլինի անվան համալսարանի բժշկության և գիտության ամբիոնի հետազոտողները:
«Մարդու ուղեղի տարբերություններն ըստ սեռի ձգտում են գտնել նրանք, ովքեր փնտրում են կնոջ և տղամարդու միջև տարբերությունների կարծրատիպերի ապացույցները: Նրանք փորձում են մեծ աղմուկ բարձրացնել չնչին ընտրանիների ուսումնասիրման արդյունքում: Մենք ուսումնասիրել ենք բազմաթիվ հետազոտությունների շտեմարաններ և կարող ենք պնդել նման կարծրատիպի անիրական լինելը», - ասաց հետազոտության հեղինակների խմբի ղեկավար Լիզ Էլիոթը:
Հիպոկամպուսը գտնվում է ուղեղի երկու հատվածներում՝ ուղեղի կեղևի տակ: Լիզ Էլիոթի գլխավորությամբ խումբը եկել է նման եզրակացության՝ ուսումնասիրելով 76 տպագիր հետազոտություն, որտեղ ներկայացված է ավելի քան 6,000 առողջ մարդկանց ուղեղի ուսումնասիրություն: