Ռուսական НТВ հեռուստաալիքի նկարահանող խմբին հաջողվել է հայտնվել Եգիպտոսում A321 օդանավի կործանման վայրում։ Ինչպես վկայում է հեռուստաալիքի լրագրողը, ինքնաթիռի բեկորներն ընկած են մեծ տարածության վրա։

 

Ռուսական Airbus A321 ինքնաթիռն սկսել էր կործանվել դեռ օդում՝ ավելի վաղ հայտարարել էին Ռուսաստանի միջպետական ավիացիոն հանձնաժողովից։ Այդ մասին են վկայում նաև НТВ-ի կադրերը ողբերգության վայրից:

 

Լրագրողի խոսքով՝ որոնողական գործողությունը շարունակվում է։ Դեպքի վայրում կարելի է տեսնել ուղևորների անձնական իրերը, փրկարարները դրանք տեղավորում են հատուկ վայրում:

 

Երեկոյան մոտ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները սկսել են վրանային ճամբար խփել:

 

Նշվում է, որ հաշվի առնելով նաև տեղանքը, որտեղ տեղի է ունեցել աղետը, առանց պաշտպանության այդտեղ տեղաշարժվելը վտանգավոր է, այդ պատճառով Ռուսաստանից ժամանած ԱԻՆ-ի ավտոշարասյանն ուղեկցել են Եգիպտոսի զինվորականները։

 

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է Սինայի թերակղզու օդային տարածքում՝ թռիչքից 23 րոպե անց։ Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։