ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել երեք ցանցահենների, որոնք կասկածվում են կիբեռհանցագործությունների միջոցով ամերիկյան բանկերից հարյուրավոր միլիոն դոլարներ գողանալով Ադրբեջանում լվանալու մեջ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ամերիկյան ֆինանսական շրջանակների The Wall Street Journal թերթը:

 

Տվյալ նորության սենսացիոն լինելը կայանում է նրանում, որ հաքերների զոհ են դարձել տասնյակ ընկերությունների մոտ հարյուր միլիոն աշխատակից, այդ թվում' ամերիկյան JPMorgan Chase և Dow Jones բանկերի հաճախորդներ, իսկ բոլոր փողերը լվացվել են ադրբեջանական բանկերի միջոցով:

 

Չարագործներն օգտագործել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Բրազիլիայում համակարգչային ցանցերը, փողերը լվացվել են Կիպրոսի միջոցով, իսկ վարկային քարտերով անօրինական վճարումներն անցել են Ադրբեջանով:

 

Կասկածյալների մեջ են Իսրայելի քաղաքացիներ 31-ամյա Ջերի Շալոնը, 40-ամյա Զիվա Օրենշտեյնը և Մոսկվայում բնակվող ԱՄՆ-ի 31-ամյա քաղաքացի Ջոշուա Էրոնը:

 

Դեռևս հայտնի չէ, թե հատկապես ադրբեջանական որ բանկերով են կատարվել թալանված փողերի լվացման գործառույթները:

 

Սակայն, ավստրիական Emergency Response Teams ընկերության ղեկավար Ռոբերտ Շիշկան դեռ անցյալ տարի հիշեցրել էր Կալիֆորնիայի համալսարանի կողմից անցկացված մի հետազոտության մասին, որում ասվում էր, թե սպամով վճարումներ իրագործող բանկերից մեկը գտնվում է Ադրբեջանում: Այն ժամանակ սպամ-սկանդալում երևացել էր ադրբեջանական Azəriqazbank բանկը:

 

Ուշագրավ է, որ Azəriqazbank բանկի սեփականատեր, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Չինգիզ Ասադուլլաևը հանդիսանում է Ադրբեջանի ազգային անվտանգության օրերս պաշտոնանկ արված նախարար Էլդար Մահմուդովի մերձավորը: