«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսօր ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է 128 մարդ: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:

 

Պաշտոնական հայտարարության մեջ խմբավորումը հայտնել է, որ իր զինյալները մահապարտի գոտիներով և զենքերով ահաբեկչություններ են իրականացրել Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում՝ այն ուշադիր ուսումնասիրելուց հետո:

 

Ավելի վաղ, ԻՊ-ը առանց ամսաթվի տեսանյութ է հրապարակել՝ սպառնալով Ֆրանսիայում նոր ահաբեկչական հարձակումներով, եթե իր զինյալների դիրքերը շարունակեն ռմբակոծվել:

 

Խմբավորման տեղեկատվական կայքերից մեկը համարվող «Ալ հայաթ մեդիա»-ի տարածած տեսանյութում իսլամիստ զինյալը Ֆրանսիայի մահմեդականներին կոչ է անում հարձակումներ իրականացնել:

«Քանի դեռ դուք ռմբահարում եք, դուք խաղաղ չեք ապրելու: Դուք նույնիսկ վախենալու եք խանութ գնալ»,- տեսանյութում ֆրանսիացիներին արաբերենով սպառնում է ահաբեկիչը: