Նման ճնշումները ծնողների վրա, Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն, ենթադրում է քրեական պատասխանատվություն ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար և պատժվում է 2-5 տարի ազատազրկմամբ: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ դիմելով Գալուստ Սահակյանին և խոսելով դպրոցներում «Այո»-ի քարոզի մասին:
Լևոն Զուրաբյանը Գալուստ Սահակյանին առաջարկեց Արմեն Աշոտյանից բացատրություններ ստանալ, ով, Զուրաբյանի խոսքով, «ստացվում է, որ մարդկանց զանգվածաբար դրդում է հանցագործություններ կատարելու»:
«Ինչ բերաբերոմ է 1996 թվականին, ապա ուզում եմ նորից հիշեցնել՝ բոլոր այդ տարիներին գործած հանցանքների համար առաջին հերթին պատասխանատվությունը կրում եք նաև դուք, ձեր քաղաքական ուժը և Դուք անձամբ, պարո՛ն Սահակյան»,- ասաց Զուրաբյանը:
«Ես կարծում եմ՝ Ձեր խոսքն ուղղված է Արմեն Աշոտյանին, և չեմ էլ պատրաստվուըմ իր փոխարեն պատասխանել, քանի որ գիտեմ՝ հումորն ու սատիրան ըստ արժանվույն հետևանքներ կունենան նաև Ձեր հայացքների վրա: Վաղուց, ղեկավարման պրոցեսում, վարչարարական պրոցեսում հիմնական դպրոցները ոչ թե ղեկավարում է անմիջապես Աշոտյանը, այլ նաև հիմնականում դրանք դպրոցի տնօրեններն են, մարզպետներն են, այնպես որ՝ Ձեր ասելով ստացվում է՝ իշխանության ներկայացուցիչ պատգամավորը չպիտի մասնակցեն, ուսուցիչները չպիտի մասնակցեն, կառավարության անդամները կարծիք չպիտի ունենան, միայն Դո՞ւք պիտի ունենաք: Դա պրովոկացիոն հայտարարություն է, որևէ նման փաստ չեք կարող բերել, որ ուսուցիչն անձնազոհ ձևով գնում է խախտումների: Երկրորդն էլ՝ դեռևս ընտրության օրը չէ, ի՞նչը պիտի խախտեն: Ասենք եթե ուսուցիչը մտածում է, որ «այո» պիտի ասի, խախտո՞ւմ է, սրանից հետո կասենք՝ ուսուցիչը բառարանից «այո» բառը կհանի և «ոչ» կասի»,- պատասխանեց Սահակյանը: