Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկը' գործարար Աշոտ Սուքիասյանը, գործարար Փայլակ Հայրապետյանին մեղադրում է իրեն վերացնելու ծրագիր ունենալու մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի օգնականը' Լուսինե Պողոսյանը: Նրա խոսքով' Փայլակ Հայրապետյանը, Աշոտ Սուքիասյանի գործընկերների հետ պայմանավորվել է եւ խոստացել, որ կվերացնի Աշոտ Սուքիասյանին եւ այդ ծրագիրն իրականացնելու դիմաց նրա գործընկերներից պահանջել է իրենց աֆրիկյան բիզնեսից Աշոտ Սուքիասյանին պատկանող 67% -ից 15% փայաբաժինը: Ըստ այդմ, եթե ինքը չկարողանա ֆիզիկապես վերացնել Աշոտ Սուքիասյանին, ապա կկազմակերպի նրա ձերբակալումը Երեւանում, իսկ եթե դա էլ չստացվի, ուրեմն նրան կձերբակալեն Աֆրիկայում:

«Բայց Փայլակ Հայրապետյանի բոլոր փորձերն ապարդյուն են անցնում: Այդ սպիտակամազ բարերարը սուտ խոսելու մեծ ունակություն ունի»,- նշեց Լուսինե Պողոսյանը, հավելելով, որ Աֆրիկայի Սյերա Լեոնե պետության բարձրագույն դատարանը գրեթե 4 ամիս ուսումնասիրելով Փայլակ Հայրապետյանի գործը, ոչ միայն վճիռը կայացրել է Աշոտ Սուքիասյանի օգտին, այլեւ վճռել է, որ Փայլակ Հայրապետյանը պետք է փոխհատուցի Ա. Սուքիասյանին պատճառած բոլոր վնասները, այդ թվում նաեւ դատական բոլոր ծախսերը:

Գործարար Փայլակ Հայրապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով այս մեղադրանքներին ասաց. «Այդ բոլորը հերյուրանք է: Ինքը, որ կեղտոտ է, գիտի թե ես էլ եմ կեղտոտ: Ես 5 ամիս է, ինչ թքել եմ իրենց վրա թողել եկել եմ: Իմ 33 միլիոնի ապրանքը վերցրել է եւ այդկերպ է փորձում արդարանալ: Ես գնացի այնտեղ ու նրան դատի տվեցի, որովհետեւ ինքն ասաց, թե ես քեզ փող չունեմ տալու: Ես ձայն չհանեցի տվեցի միլիցիա ու թողեցի եկա այստեղ»:

Ինչ վերաբերում է դատարանի վճռին, նա ասաց, որ վճիռն արդեն գրավոր ստացել է, բայց այն անգլերեն է եւ դեռ չի էլ թարգմանել: Հայրապետյանը եւս մեկ անգամ նշեց, թե իր տեղեկություններով վճռում նշված է, որ Աշոտ Սուքիասյանը պետք է գա Հայաստան եւ իր վնասը փոխհատուցի: Երբ նրան փոխանցեցինք, որ ըստ Աշոտ Սուքիասյանի, դատարանը վերջինիս օգտին է վճիռ կայացրել, նա արձագանքեց. «Կարող է ընդեղ կաշառք է տվել եւ վճիռն իր օգտին են կայացրել, որովհետեւ իր գրպանում ունի 15 միլիոն, իսկ իմ գրպանում ոչինչ չկա»:

Ավելի վաղ խոսելով դատական գործի նախապատմությունից' Հայրապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ 2009 թ էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվում 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որին ներկա է եղել նաեւ ինքը։ Հանդիպման հիմքում եղել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Խորհրդակցությանը ներկա են եղել նաեւ վարչապետը։ «Այդ օրը գործարարներից Աշոտ Սուքիասյանը, ով «Ձորագյուղ» ԱԿ նախագահն էր, ներկա գործարարներին հավաստիացրեց, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան եւ ավելի բարձր որակի ապրանք առաջարկել, քանի որ ինքն Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Ավելին'Սուքիասյանը ծրարով բերեց իր ապրանքը՝ 370 կարատ ադամանդի հումքը, եւ գործարարները հավանություն տվեցին: Բայց գործը սկսելու համար Սուքիասյանը 12 միլիոն դոլար ներդրում պահանջեց՝ սարքավորումներ, մեքենաներ գնելու համար: Ես, լինելով բոլորից ավելի տարիքով եւ լինելով հայրենասեր, առաջարկեցի գրավադրել իմ ունեցվածքը»,– մանրամասնեցլ էր Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրեց, որ համաձայնության գալուց հետո գրավադրում է 33 միլիոն դոլարի արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլար տալիս Սուքիասյանին: Ընթացքում նա վերցված գումարներով, որ աշխատանք է իրականացրել, ոչ գումարն է վերդարձրել: Դատական գործ է սկսվել, որի ընթացքում Հայրապետյանները կորցրել է իրենց ընտանիքին պատկանող «Հայաստան» հանրախանութի մի մասը: