Բելգիայի ոստիկանությունն ունի Փարիզում ահաբեկչական գործողությունների ենթադրյալ կազմակերպչի՝ Աբդելհամիդ Աբաուդի ԴՆԹ-ի նմուշները և արդեն դրանք ուղարկել է ֆրանսիացի գործընկերներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BFM հեռուստաալիքը:

 

The Washington Post թերթի տվյալներով՝ Աբաուդն սպանվել է այն խոշորամասշտաբ հատուկ գործողության ընթացքում, որը Ֆրանսիայի հատուկ ծառայություններն իրականացրել են Փարիզի Սեն Դենի արվարձանում: Ինչպես նշվում է, ոստիկանությունն ստիպված է եղել դիմելու ԴՆԹ-ի անալիզի՝ ճանաչելու համար այն շենքի գրոհի ժամանակ ոչնչացված երկու ահաբեկիչների մարմինները, որտեղ նրանք թաքնվել էին:

 

Մինչդեռ Ֆրանսիայի դատախազությունը չի հաստատել Աբաուդի մահվան մասին տեղեկատվությունը, ինչպես նաև հայտարարել է, որ առայժմ հնարավոր չէ հայտնել գործողության ընթացքում զոհվածների ստույգ թիվը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: