Միսակ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիսի 7-ին ընկերների հետ գնացել է Այրում քաղաք, որպեսզի իր ընկեր Դ. Ա.-ն տեսակցի կնոջը՝ Ռ. Ս.-ին: Այդ ժամանակ Ռ. Ս.-ի մայրը՝ Ռ. Մ.-ն, դանակահարել է իրեն՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, նույն օրը Ռոզա Մ.-ն հաղորդում է տվել, թե իբր իրենք փորձել են առևանգել Ռիտա Ս.-ին: Հիշյալ դեպքի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվել նախաքննություն, այնուհետև մեղադրական եզրակացության կազմմամբ քրեական գործն ուղարկվել է դատարան: Հիշյալ դատարանը նրան մեղավոր է ճանաչել' մարդուն առևանգելու փորձ կատարելու արարքում և դատապարտել ազատազրկման:

 

 

Նույն քրեական գործով նախաքննության ընթացքում քննիչը որոշում է կայացրել Ռ. Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքը դիտարկելով անհրաժեշտ պաշտպանության սահմաններում: Իր և փաստաբանի կողմից հիշյալ որոշումը բողոքարկվել է առաջին ատյանի դատարան և բողքը բավարարվել է: Դատախազը առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան, որը 2015թ. հուլիսի 22-ին կայացված որոշմամբ' առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ ու վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերականգնել իր խախտված իրավունքները, սակայն պետական մարմնի պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չի կատարվել դատական ակտի պահանջները:

 

 

Բացի այդ, Միսակ Հ.-ն հայտնել է, որ հիշյալ քրեական գործով քննիչը պաշտոնական փաստաթղթերում մտցրել է կեղծ գրառումներ: Մասնավորապես, նույն քննիչն իր կողմից կազմված' դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննության արձանագրություններում' որպես մասնակիցներ, նշել է անձանց, ովքեր իրականում հիշյալ քննչական գործողությունների կատարման ժամանակ դրանց կատարման վայրերում չեն գտնվել:

 

 

Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

 

Կատարվում է նախաքննություն: