Երևանում նոյեմբերի 24-ին 87 տարեկանում մահացել է դերասանուհի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից: Հոգեհանգստի և հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ:
Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում։ 1947 թվականին ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել է թատրոնում։ 1958 թվականից տեղափոխվել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն։ Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում՝ Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի և այլն։ Խաղացել է նաև արևմտահայ դերերում՝ «Պաղդասար Աղբար»՝ Անույշ և այլն։ Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում։ Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն։ 1958 թվականից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, ի դեպ՝ եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից։ 1985 թվականին հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։ Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր։ 1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ, 1988 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1995 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001 թվականին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013թ.' Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: