Սիրիայում ռուսական կործանիչը խոցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու բիզնես շահերի պատճառով: Այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Ղոուբին: 

 

Ըստ նրա՝ ռուս օդաչուները՝ հասցնելով օդային հարվածներ ԻԼԻՊ-ի ենթակառուցվածքներին, խախտել են զինյալների կողմից գրաված տարածքներից Թուրքիա նավթի մատակարարումը: Նավթը մատակարարվում էր Էրդողանի որդու ընկերությանը:

 

«Ամբողջ նավթը մատակարարվում էր ընկերությանը, որը պատկանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն: Թուրքիան սկսել է նյարդայնանալ այդ առումով, երբ Ռուսաստանը սկսել է հարվածներ հասցնել ԻՊ-ի ենթակառուցվածքին և ոչնչացրել է նավթով լի ավելի քան 500 բեռնատար: Դա խիստ կերպով խաղացել է Էրդողանի և իր ընկերության նյարդերի վրա»,- ՌԻԱ «Նովոստին» մեջբերում է ազ Զոուբիի խոսքերը:

 

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիա է հասցվում նավթի և նավթամթերքի մեծ հոսք՝ ահաբեկիչների կողմից գրաված Սիրիայի տարածքներից: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է նավթի մատակարարումների արդյունաբերական մասշտաբներին:

 

«Մենք օդից տեսնում ենք, թե որտեղ են գնում այդ մեքենաները: Նրանք օր ու գիշեր Թուրքիա են ուղևորվում»,- նշել է Պուտինը: