«ԱՄՆ-ից եկած օգնությունը կծախսվի Գյումրիի տնակները վերանորոգելու, վառելիքի, հագուստի և սննդի տրամադրման համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար, Գլենդելում անցկացված հեռուստամարաթոն-դրամահավաքի հայաստանյան գործընկեր Վահան Թումասյանը:
Նա նշեց, որ ստացված 40.000 դոլարը մարդկանց անհատապես չի բաժանվելու, բայց դրա փոխարեն ընտանիքներին կտրամադրվի վառելանյութ, տնակների վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութ:
«Մենք մի քանի մտահղացում ունենք, որ ուզում ենք իրագործել: Դե, բնական է, որ 40 հազար դոլարով չենք կարող բոլորի համար բնակարաններ գնել, այդ պատճառով ամենից առաջ կփորձենք վերանորոգել այն տնակները, որոնցում ապրելն այլևս անհնար է. ձմեռվա կեսին տանիքից կաթում է, սարսափելի ցուրտ է, մարդիկ աղբ են վառում տաքանալու համար: Առաջնահերթ այդ հարցերը պետք է լուծվեն: Տեղյակ եմ նաև, որ դրամահավաքը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 7-ը: Այդ ստացված գումարով կմտածենք, թե ինչպես կարող ենք մարդկանց տնակներից դուրս բերել»,- տեղեկացրեց Վ. Թումասյանը:
Մեր հարցին՝ 25 տարի շարունակ նման պայմաններում ապրելով՝ մարդիկ կկարողանա՞ն նորմալ բնակարաններում ապրել, չէ՞ որ շատերն արդեն սովորել են այդ պայմաններին և, կոպիտ ասած, ավելի բարվոք պայմաններ չեն պատկերացնում, Վ. Թումասյանը պատասխանեց. «Այո՛, մենք այդ մտավախությունը միշտ ենք ունեցել, մարդիկ այդքան տարի ապրելով տնակներում՝ ուրիշ կենսաձև չեն պատկերացնում, բայց դա, իհարկե, շատ հարաբերական է, նկատի ունեմ՝ ոչ բոլորն են այդպիսին: Այդպիսի պայմաններում ապրողներից մի քանիսին արդեն նախկինում տրվել են բնակարաններ, և մարդիկ երկար այդտեղ ապրելուց հետո սովորում են նորմալ կյանքին, կանայք կարողանում են փոխել իրենց կենցաղը: Օրինակ՝ սովորական հայ մարդն էլ իր բնակարանում իրեն մի ձևով է պահում, օտար երկրում՝ լրիվ այլ ձևով:
Համենայնդեպս, այս փուլում դեռ բնակարան տրամադրել չենք կարող, կփորձենք հինը վերանորոգել, մարդկանց ավելի լավ կենցաղի համար անհրաժեշտ պարագաներ տրամադրել, հետո կմտածենք բնակարանի մասին»,- ասաց Վ. Թումասյանը:
Տեղեկացնենք, որ այսօր Գյումրիի Աղետի գոտում սարսափելի ծանր պայմաններում ապրում է 4000-4500 մարդ: