«Բանդայի» գործով ձերբակալվածներից Դավիթ Գալստյանն այսօր լրատվամիջոցներին նամակ է գրել, որում նշում է, որ այն հանցանքը, որի համար իրեն մեղադրում են, բացարձակապես իր հետ կապ չունի, և հավաստիացնում է, որ գործով մյուս ձերբակալվածներին, այդ թվում նաև՝ «Բանդայի» պարագլուխ Արտուշ Հակոբյանին նախկինում չի ճանաչել.

«Ձերբակալվելուց հետո՝ մի քանի օր շարունակ մեզ դաժան ծեծի ենթարկեցին, ապա պարզվեց, որ մենք, իրոք, կապ չունենք կատարված հանցագործությունների հետ: Սակայն դա նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի սրտով չէր, և նա ինձ ասաց, թե ձեզանից լավ թեկնածուներ չկան, իմ մոտ չբացահայտված ավազակային հարձակումներ են մնացել, որոնք կոկորդիս են մնացել, ու դուք ցուցմունք կտաք, թե դուք եք արել այդ հանցանքը, թե չէ Գուգոյի օրը կընկնեք, և տնեցիներին էլ կբերեմ այստեղ ու լավ չի լինի: Սկսեց բացատրել ցուցմունքի բովանդակությունը՝ դու ցուցմունք կտաս այն մասին, որ իբր թե Գուգոն ա զենքերը բերել, ոսկեղենը Գուգոն ա ծախել, նկարները Գուգոն ա ծախել, իսկ վերջում էլ ավելացրեց, թե Գուգոն մեռած է և չի կարող ոչ մի բան ասել: Իսկ հետո, տեսնելով, որ Արթուր Մանուկյանը նոր է եկել ՌԴ-ից և չի համապատասխանում այդ գործողություններ կատարողին, սկսեցին ուրիշ թեկնածուներ որոնել, և այդպիսով դարձավ իրենց ասած «Բանդան», բայց չկա որևէ փաստ, որ այդ հանցագործությունները մենք ենք կատարել:

Տեսնելով, որ չեն կարողանում ավելի հիմնավոր ապացույցներ բերել, անցան ավելի հիմար մեթոդների: Մի քանի ամիս հետո «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայի միջից անհասկանալի եղանակներով ծլեց ֆոտոխցիկ, որը պատկանում է գործով տուժող Նապոլեոն Ազիզյանին, այնինչ նույն ավտոմեքենայից խուզարկության ժամանակ իբրև թե գտել էին փամփուշտներ, թմրանյութ, ատրճանակ, բջջային հեռախոսներ: Ո՞նց է լինում, որ այդքան բանը գտան, իսկ ֆոտոխցիկը չգտան: Մի՞թե փամփուշտից փոքր է: Մեքենան հայտանաբերելուց հետո քննչական գործողություններ են իրականացվել, սակայն ֆոտոխցիկ չի եղել, բավականին ժամանակ անց հայտնաբերել են այդ ֆոտոխցիկը, որը և ճանաչվել է տուժողների կողմից, հետագայում փորձել են ներկայացնել որպես իրենց տանից հափշտակված ֆոտոխցիկ, որը մոռացել են ավտոմեքենայի մեջ:

Մենք մեկս մյուսին երբևիցե ոչ տեսել ենք, ոչ էլ ճանաչել, իրարից անտեղյակ ենք, անծանոթ ենք ու լրիվ տարբեր մարդիկ ենք: Տուժող Նապոլեոնի դուստրը դատարանում հայտարարեց, թե նախկինում չէր հավատում, որ այդ հանցանքը մենք ենք կատարել, բայց երբ տեսավ ֆոտոխցիկը, համոզվեց դրանում: Նա մի անգամ չհետաքրքրվեց, թե այդ ինչպես եղավ, որ խուզարկության ժամանակ չհայտնաբերվեց ֆոտոխցիկը և միայն ամիսներ անց հայտնաբերվեց»,- ասվում է նամակում:

Դավիթ Գալստյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով նամակի մասին, ասաց, որ իր պաշտպանյալի ցուցմունքները եղել են բռնությունների և խոշտանգումների արդյունքում, նման հարձակում իր կողմից չի իրականացվել, և այդ «Բանդա» կոչվածի անդամներն իրար նախկինում չեն ճանաչել և որևէ առնչություն չեն ունեցել:

Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են 6 անձինք: Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտուշ Հակոբյանը՝ Գուրգեն Հայրապետյանի հետ միասին (վերջինս, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, և, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր էր ընկել ու մահացել), ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ' բանդա, ապա դրա կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:

Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների՝ նրանք 2011 թվականի մայիս-օգոստոս ամիսներին կազմակերպել և ղեկավարել են Ատոմ Ղազարյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները: