Հայաստանի խնդիրը մեկն է՝ համապատասխան՝ շատ ավելի կտրուկ արձագանքով պահպանել խաղաղությունը: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

 

«Ադրբեջանը սահմանին լարվածություն առաջացնելու եղանակով փորձում է ապացուցել, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում ունի: Այս դեպքում Հայաստանի խնդիրը մեկն է՝ համապատասխան' շատ ավելի կտրուկ արձագանքով պահպանել խաղաղությունը: Ադրբեջանը, սովորաբար, կարևորագույն իրադարձություններից, նախագահների հանդիպումից առաջ գնում է սահմանին լարվածություն առաջացնելու ճանապարհով: Սա նորություն չէ, սակայն մենք էլ մեր խնդիրն ունենք՝ պահպանել խաղաղությունը»,- ասաց պատգամավորը:

 

Աղվան Վարդանյանի կարծիքով՝ Հայաստանն այլ ճանապարհ չունի՝ պետք է կարողանա ներքին համախմբվածությանն ապավինելու եղանակով ներսում ունենալ այնպիսի մթնոլորտ, որպեսզի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը, խաղաղության պահպանումն ու հաստատումը դառնա հիմնական նպատակ:

 

Ըստ պատգամավորի՝ հակառակորդը նմանատիպ քայլերով նաև փորձում է ստուգել մեր ներքին համախմբվածությունը, մեր ներուժն ու հնարավորությունները: Դա, ըստ Վարդանյանի, պետք է դաս լինի ինչպխես իշխանությունների, այնպես էլ քաղաքական բոլոր ուժերի համար: