Այսօր Ազգային ժողովում քննարկվող հարցերից էր Մոսկվայի օդանավակայաններում գործող «Դյութի ֆրիներից»՝ Հայաստան ժամանող անձանց օգտվելու իրավունքը:

 

Այդ հարցով հանդես եկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ ԵՏՄ անդամակցելուց հետո Մոսկվայից Հայաստան ժամանող հայ ուղևորները չեն կարողանում գնումներ կատարել քաղաքի տարբեր օդանավակայաններում գործող «Դյութի ֆրի» խանութների ցանցից:

 

Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն իր ելույթի ժամանակ պատասխանեց, որ հայկական կողմը մի քանի անգամ դիմել է ռուս գործընկերներին և բարձրացրել այդ հարցը: «Դյութի ֆրի ալյանս» անմաքս առևտրի կետերի միության ներկայացուցիչները բացատրել են, որ այդ խնդիրը կախված է խանութների ցանցում գործող համակարգից, որը ֆիքսում է գնումներ կատարող անձանց մեկնելու վայրը, և իրենք չեն կարողանում ներքին հաշվառում իրականացնել, հետևաբար նաև տարանջատել հարկերը: Համաձայն գործող օրենքների՝ եթե տվյալ անձը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի քաղաքացի, ինչպիսին է այսօր Հայաստանը, ապա նրա համար յուրաքանչյուր ապրանք ազատվում է մաքսատուրքից:

 

«Նմանատիպ խնդիրներ այսօր կան, և մենք բարձրացրել ենք այդ հարցը: Իրենք հիմա նախատեսում են տարանջատել այդ գոտիներն օդանավակայանի տարածքում, որպեսզի այդ խնդիրները լուծվեն, և ես Ձեզ հետ համաձայն եմ, դա ընդունելի չէ և մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան այնտեղից ճանապարհորդելիս առևտուր իրականացնելու»,- նշեց Մելքոնյանը: