Երբ լսում ես կուսակցությունների ներկայացուցիչներին, հատկապես, եթե վերջինները նաև ԱԺ պատգամավորներ են, տպավորություն է ստեղծվում, թե մեր քաղաքական ուժերին առանձնապես չի էլ հետաքրքրում, թե ինչ խնդիրներ կան երկրում, ինչպես կարելի է դրանք լուծել և ինչպես անել, որ ժողովրդի կյանքը մի փոքր բարելավվի:
Նրանց կարծես թե առաջին հերթին այլ բան է հետաքրքրում՝ թե ով են իրենք քաղաքական դաշտում և ինչ սահմանման տակ են մտնում: Տրամաբանորեն, այսքան չլուծված պրոբլեմներ ունեցող երկրում, քաղաքական գործիչները պետք է, մեղմ ասած, թքած ունենային, թե իրենց կանվանեն «իշխանություն», «ընդդիմություն» կամ որևէ այլ կերպ, և պետք է օրուգիշեր զբաղվեին ավելի կարևոր գործերով՝ երկիրը անկումից և դատարկվելու վտանգից փրկելու ուղղությամբ նախաձեռնություններով:
Բայց ոչ, նրանք տերմիններով են մտահոգված: ԲՀԿ-ական պատգամավորների համար խիստ կարևոր է, որ իրենց հենց «ընդդիմություն» անվանեն, չնայած դրանից ոչինչ չի փոխվում:
Մյուս կողմից էլ̀ «Ժառանգություն» խմբակցությունից «Այո»-ի կողմնակից Ալեքսանդր Արզումանյանն է ԲՀԿ-ին որակում նոր տերմինով՝ «չիշխանություն», կրկին շեշտելով, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ: Իսկ, ասենք, եթե ընդդիմություն լիներ, կամ եթե «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» ընդդիմություն չլինեին, դրանից ի՞նչ էր փոխվելու: Հիմա, փաստորեն, Արզումանյանն էլ ՀԱԿ-ի նման զբաղված է ընդդիմադիր դաշտում մենաշնորհի փնտրտուքով ու որոշում է, թե ով է ընդդիմադիր, իսկ ով՝ ոչ: Ու մինչ մեր ոչ իշխանականներն իրար հետ կռիվ են տալիս «ընդդիմություն» տերմինի համար, երկրում շարունակվում է արտագաղթի գործընթացը, բազմաթիվ հարցեր էլ մնում են չլուծված:
Կարեն Վարդանյան