«Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»:

 

Հայաստանի նախագահի այս խոսքը հնչել է ՀԱՊԿ Մոսկվայի գագաթնաժողովի ժամանակ: Այս ելույթն ավելի շատ նման է քաղաքական վերջնագրի, որի բովանդակությունը հանգում է նրան, որ կամ ՀԱՊԿ-ն գոյություն չունի՝ որպես ամբողջություն, ռազմաքաղաքական միավորում, կամ էլ, եթե գոյություն ունի, առնվազն գործում է Հայաստանի շահերի դեմ:

 

Եթե ՀԱՊԿ-ն իսկապես ռազմաքաղաքական կայացած կառույց է, ապա Սերժ Սարգսյանի ելույթից հետո՝ պարտավոր էր քննարկել հայ-ադրբեջանակսն սահմանին տիրող իրավիճակն ու գործուն օգնություն ցուցաբերել կազմակերպության անդամ Հայաստանին՝ թե՛ դիվանագիտական և թե՛ ռազմական հարթությունների մեջ:

 

Եթե ՀԱՊԿ-ն՝ որպես ռազմաքաղաքական միավոր, կայացած չէ, ապա արկածախնդրություն է մեր երկրի անվտանգությունը պայմանավորել այդ կազմակերպությամբ:

 

Ավելի վտանգավոր է, եթե ՀԱՊԿ-ում մենք գործ ունենք ոչ թե դաշնակիցների, այլ' մեր թշնամու դաշնակիցների հետ:

 

Համենայն դեպս, Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո կա՛մ ՀԱՊԿ-ն պետք է սատարի Հայաստանին, կա՛մ մենք պետք է քննարկենք ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալու նպատակահարմարության հարցը:

 

Սուրեն Սուրենյանց