Եթե արդեն նույնիսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարն է զգուշորեն ակնարկում, որ ԵՏՄ-ից իրենց սպասելիքները չարդարացան, ապա կարելի է ենթադրել, որ իշխանություններն իսկապես հասկացել են, որ անցած տարի միգուցե սխալ հաշվարկ էին արել՝ հապճեպ մտնելով այդ միության կազմի մեջ: Ու թեև Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե ակնկալիքները ԵՏՄ-ից լրիվ այլ էին և դա բացատրել է զուտ արտաքին գործոններով, սակայն ինքնին հասկանալի է, որ լինելով ՀՀԿ խմբակցության ղեկավար՝ նա փակագծերն ավելի շատ բացել չէր կարող, մնացածն արդեն պետք է հասկանալ ենթատեքստում: Եվ այս տրամադրվածությանը խիստ համահունչ է նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա կոշտ ելույթը ՀԱՊԿ-ում, որը հիշեցում էր ՀԱՊԿ անդամ և միաժամանակ՝ ԵՏՄ անդամ մյուս «դաշնակից» երկրների ղեկավարներին, որ վերջիններս իրենց դաշնակցային պարտավորությունները չեն կատարում:

 

 

Սա անվտանգության մասով, բայց նույն պատկերը, կարելի է ասել, տնտեսական համագործակցության ոլորտում է՝ պայմանները նույնպես բոլորի համար հավասար չեն, խոստացված մեծ շուկան կարծես թե չի երևում, ոչ մի տեսանելի արդյունք չկա, Հայաստանի բնակչության սոցիալական վիճակի ոչ մի դրական փոփոխություն՝ ԵՏՄ մտնելուց հետո: Սա արդեն դժվար է թաքցնելը և ամեն անգամ ժողովրդին միամիտի տեղ դնելով՝ հրամցնելը, թե իրենց շատ ճիշտ հաշվարկված քայլեր են արել, ուստի արդեն նույնիսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարի միջոցով է ակնարկվում, թե հաշվարկներն այդքան էլ ճիշտ չէին:

Կարեն Վարդանյան