ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ունեցած սուր ելույթին անմիջապես հաջորդեց ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվան և Բաղանիս գյուղերի գնդակոծումն ադրբեջանական զինուժի կողմից: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ իրավիճակը սահմանին բնորոշել է արդեն «պատերազմ» տերմինով՝ նշելով, որ այլևս չկա «հրադադարի խախտում», այլ փաստացի պատերազմական վիճակ է: Իսկ Սերժ Սարգսյանի ելույթն էլ հենց նման իրավիճակներում «դաշնակից» երկրների արձագանքների բացակայության մասին էր: Ելույթն ավարտվեց, գործողությունները սահմանին շարունակվում են, իսկ ու՞ր են դաշնակից երկրները, ու՞ր են նրանց հայտարարությունները, իրենց «դաշնակցին» օգնելու պատրաստակամությունը: Դեռ ձայն չկա, լռություն է: Որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնում, թե Սերժ Սարգսյանի ելույթը ձեռնտու էր Վլադիմիր Պուտինին, քանի որ իբրև թե ուղղված էր հատկապես միջինասիական պետությունների ղեկավարների դեմ: Բայց այսօր Հայաստանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին լռում են ոչ միայն միջինասիական պետությունները, այլև հենց ինքը՝ Ռուսատսանը: Եվ եթե միջինասիական պետությունների լռությունը մի կողմից կարելի է բացատրել նրանով, որ Ադրբեջանի հետ նրանք բարեկամական հարաբերությունների մեջ են, ապա ինչո՞վ բացատրել Ռուսաստանի լռությունը: Չէ՞ որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է համարվում: Բա պատերազմ է մեր երկրում, բա ու՞ր է «ռազմավարական դաշնակիցը», ինչո՞ւ չի գալիս իր դաշնակցին օգնելու, ինչո՞ւ անգամ ծպտուն չի հանում:

 

 

Սա, իսկապես, լուրջ մտածելու տեղիք է տալիս, և կարծում եմ, իշխանություններին (որքան էլ նրանք զբաղվեն ինքնախաբեությամբ) նույնպես լուրջ մտածելու տեղիք պետք է տա, թե արդյոք ճի՞շտ է Ռուսաստանին «ռազմավարական դաշնակից» համարելը: Եվ ընդհանրապես, արդյո՞ք նպատակահարմար է Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելը, եթե այդ կառուցը զուտ ձևական բնույթ է կրում, և դրանից մենք ոչինչ չենք ստանալու:

 

 

Նախագահի ելույթը լավն էր, բայց որպեսզի այն չկորցի իր արժեքը, նախագահը և իշխանությունները պետք է հետևողական լինեն և պահանջեն իրենց գործընկերներից, որպեսզի ներկայացված պահանջները իրականացվեն, խոսքերը կյանքի կոչվեն, հակառակ դեպքում ամեն ինչ կարժեզրկվի, և մեր իշխանություններն էլ ի վերջո ստիպված կլինեն վերանայել իրենց հարաբերությունների ֆորմատը «գործընկեր» ու «դաշնակից» կոչեցյալների հետ:

 

 

Կարեն Վարդանյան