Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը կաշառված է համարում նրանց, ովքեր ցանկանում են հետ բերել նվագախմբի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին: «Նրանք կաշառք կերած մարդիկ են, որոնց փող էին տալիս»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղամ Գրիգորյանը:

 

 

Հարցին' ո՞վ և ո՞ւմ էր փող տալիս, թատրոնի գեղարվեստական ղեկավարը պատասխանեց. «Այդ է, վերջ, ուրիշ բան չունեմ ասելու: Ինձ ասել են' ովքեր են եղել, նվագախմբի անունից պետք չէ նման բան գրել: Նվագախումբը 100 հոգի են, 10 հոգին կաշառված մարդիկ են եղել»: Այլ հարցերի Գրիգորյանը չպատասխանեց:

 

 

ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն այլևս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը չէ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնց առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի կողմից: Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլևս չի լինելու:

 

 

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի անդամները բաց նամակ են հրատարակել' խնդրանքով՝ վերանայել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի կողմից իրականացված կառուցվածքային փոփոխություն: