Փաստաբան Հայկ Ալումյանը դիմել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին եւ փոխանցել, որ իր պաշտպանյալը նախկինում տառապել է տուբերկուլյոզով, եւ օրեր առաջ կալանավայրում նրա վիճակը կտրուկ վատացել է: Դեկտեմբերի 28-ին օմբուդսմենի ներկայացուցիչն ու բժիշկ փորձագետն այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավորին՝ ծանոթանալու նրա խնդիրներին ու առողջական վիճակին: Տեղում ուսումնասիրել են նրա բժշկական փաստաթղթերը եւ զրուցել բուժող բժշկի հետ: Այս մասին տեղեկացրին օմբուդսմենի գրասենյակից:

 

 

Այնուհետեւ կալանավորի առողջական վիճակի մասին հենց իրենից տեղեկանալու նպատակով ցանկացել են հանդիպել կալանավորին, սակայն վերջինս այդ պահին գտնվել է դատարանում: Հաշվի առնելով կալանավորի առողջական վիճակն ու հետագայում հնարավոր սրացումները՝ օմբուդսմենի աշխատակիցները գնացել են դատարան' կալանավորին տեսակցելու:

 

 

Դատավորը, հաշվի առնելով օմբուդսմենի ներկայացուցիչների փաստարկները եւ հարցի հրատապությունը, հետաձգել է դատական նիստը' ապահովելու համար կալանավորի առանձնազրույցն օմբուդսմենի ներկայացուցիչների հետ:

 

 

Փաստաբանի ներկայությամբ օմբուդսմենի ներկայացուցիչները տեղեկացրել են կալանավորին, որ իր մոտ այս փուլում չի հաստատվել տուբերկուլյոզ, ախտորոշվել է քրոնիկ բրոնխիտ, եւ արդեն իսկ նշանակվել է համապատասխան բուժում, ու կարգավորվել է դեղորայքի տրամադրման հարցը:

 

 

Պաշտպանի ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ փաստաբանի՝ կալանավորին առանձին խուց տեղափոխելու հարցին, սակայն կալանավորը ստացած տեղեկություններից հետո հրաժարվել է մեկուսանալ խցակիցներից, քանի որ իր մոտ տուբերկուլյոզ չի ախտորոշվել: