ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամփոփելով 2015-ը՝ խոսել է կառավարության «ձեռքբերումների» մասին՝ հատկապես նշելով դրանցից երեքը: Տեսնենք, թե այդ ինչ«ձեռքբերումների» մասին է խոսքը, միգուցե մե՞նք էլ գնահատենք:

 

 

Ուրեմն առաջինը, պարզվում է, տնտեսական աճն է: Ու հետո գալիս են թվեր, թվեր ու նորից թվեր, նույնիսկ ոլորտներից մեկում՝ երկնիշ թիվ: Միջինգնաճն ընդամենը 4,1 տոկոս է կազմել, եղածը ի՞նչ է որ... Այսինքն՝ տեսեք, թե ինչով է հպարտանում վարչապետը. 2015-ին աշխատավարձերի ու թոշակների բարձրացում այդպես էլ չեղավ, բայց եղավ գնաճ 4,1 տոկոս, հետևաբար՝ մարդկանց եկամուտները չավելացան, իսկ ծախսերն ավելացան: Այդ դեպքում ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը, ու՞մ են պետք այդ թվերն ընդհանրապես:

 

 

Տնտեսագիտական կրթություն չունեցող քաղաքացիների համար այդ թվերը ոչինչ չասող բաներ են, նրանց հետաքրքրում է իրենց կյանքի որակի բարձրացումը, որը հենց տեսանելի արդյունքն է: Իսկ բարձրացում չեղավ, այլ՝ իջեցում եղավ, որովհետև արդեն ասացի՝ եկամուտները չաճեցին, ծախսերը՝ աճեցին:



Երկրորդ «ձեռքբերումը» վարչապետը համարեց սահմանադրական փոփոխությունների իրականացումը, որը «համաժողովրդական քվեարկության արդյունքն է»: Ինքս լինելով այդ փոփոխությունների կողմնակից՝ միևնույն է, չեմ կարող չասել, որ առնվազն անլուրջ է դրանց իրականացումը համարել համաժողովրդական քվեարկության արդյունք, որովհետև ախր բոլորս տեսանք, թե, ցավոք, ինչպես կազմակերպեցին հանրաքվեն և վարկաբեկեցին, իմ կարծիքով՝ դրական այդ նախագիծը:

 

 

Երրորդ «ձեռքբերումը» Հովիկ Աբրհամյանը համարեց «խորացող և հավասարակշռված տնտեսական ինտեգրումը»՝ կապված ԵՏՄ-ին միանալու հետ: Ու էլի բացատրություններ, տերմինաբանություն, թվեր: Ներողություն, իսկ Հայաստանի սովորական քաղաքացին իր կաշվի վրա զգացե՞լ է այդ թվերի ու տերմինների զորությունը: Եթե ոչ, ուրեմն դրանք էլ այս պահի դրությամբ արժեք չունեն:

 

 

Այսպիսով՝ վարչապետը գոհ է իր կառավարության աշխատանքից, արձանագրում է «ձեռքբերումներ», որոնք չգիտես ինչու չեն նկատվում: Բայց ամենակարևորը վարչապետի վերջին խոսքն էր. նա համոզմունք հայտնեց, որ 2016-ին Հայաստանը նոր «հաջողություններ» է արձանագրելու... Կարծես թե հնչում է որպես սպառնալիք, քանի որ 2015-ի «հաջողությունը» տեսանք, ուրեմն 2016-ին էլ մոտավորապես այդպիսի «հաջողություն» պատկերացնենք:

 

 

Կարեն Վարդանյան