Ժառանգություն կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել են իրենց կողմից հայտնաբերված ընտրախախտումները:
«Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ամեն շաբաթ կներկայացնենք Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կոմից արձանագրված խախտումները: Նախորդ շաբաթ արձանագրված 30 խախտումների թիվը այս շաբաթվա ընթացքում ավելացել է եւ հասել է 59-ի: Այս ամենը փաստված են իրավական տեսանկյունից, մենք ստացել ենք նաեւ ահազանգեր: Իրավապահ մարմինները պարտավոր են գործնական քայլեր ձեռնարկել»,- ասել է Հովսեփ Խուրշուդյանը: Վերջինս նշել է, որ անձնագրային տվյալների հավաքագրմանը զուգահեռ հիմա հավաքում են տվյալներ այն մարդկանց մասին, ովքեր հայտարարել են, որ չեն գնալու ընտրության: «Հիմնականում ուսուցիչներից ենք ստացել ահազանգեր»,- նշել է Հովսեփ Խուրշուդյանը:
«Ի տարբերություն նախորդ անգամ արձանագրված ընտրախախտումներին, հիմա ընդլայնվել են այդ ընտրախախտումները: Օրինակ, Շիրակի մարզի Ազատան գյուղում ընտրական տեղամասի վրա փակցված էր Սերժ Սարգսյանի նախընտրական պաստառը, իսկ մայրաքաղաքի տարբեր հատվածներում մենք ֆիքսել ենք նկարներ, թե ինչպես, օրինակ, գազի խողովակի վրա փակցված էին ՀՀԿ ղեկավարի պաստառները: Ընդհանուր առմամբ, պաստառներ փակցվել են օրենքով չնախատեսված վայրերում»,- ասել է Ժառանգություն կուսակցության նախընտրական շտաբի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը:
Եղել են ահազանգեր նաեւ ընտրակաշառքներ բաժանելու մասին: «Աջափնյակից ստացել ենք ահազանգ, որ մի քանի մարդիկ գնացել են բնակիչների տները եւ առաջարկել 20 հազար դրամ»,- ասել է Հովսեփ Խուրշուդյանը: Ընդհանուր առմամբ, նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումները, ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների, պակասել են: Սակայն պետք է նկատի ունենալ, որ ընտրակաշառաքներ սովորաբար բաժանվում են ընտրություններից մեկ երկու օր առաջ, քանի որ մարդկանց արդեն իսկ ցուցակագրել են, հետեւաբար' չպետք է բացառել, որ նման դեպքեր կարձանագրվեն»,- հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հովսեփ Խուրշուդյանը:
Արձանագրված ընտրախախտումներին քաղաքական գնահատական Ժառանգություն կուսակցության նախընտրական շտաբի ներկայացուցիչները չեն տվել' նշելով, որ իրենց խնդիրը հասարակությանը դրանք ներկայացնելն էր, իսկ քաղաքական գնահատական կտրվի իրենց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից:
Փայլակ Ֆահրադյան