Սիրիայի Ռաքքա քաղաքում ԴԱԻՇ-ի զինյալներից մեկը հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել սեփական մորը՝ «հավատուրացության» համար: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով տեղական իրավապաշտպան կազմակերպություններին:
Աղբյուրի տեղեկության համաձայն՝ 20-ամյա ահաբեկիչ Ալի Սաքրը սպանել է իր մորը Ռաքքայում՝ հարյուրավոր մարդկանց աչքի առաջ: «Հավատուրացության» մեջ նրան մեղադրել են ԴԱԻՇ-ի տեղական ղեկավարներն, այն բանից հետո, երբ որդին ինքն է հանձնել մորը նրանց:
Հաղորդվում է, որ կինը Սիրիայի մարդու իրավունքների կազմակերպության անդամն է եղել և խնդրել է իր որդուն՝ Ալի Սաքրին նրա հետ միասին հեռանալ ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքից և լքել ԴԱԻՇ-ը, քանի որ նրանց դիմադրող կոալիցիայի հաշվեհարդարն անխուսափելի է, և այն պատժելու է «խալիֆայության» յուրաքանչյուր գրոհայինին: Սակայն, ինչպես պարզվեց, կնոջ որդու համար ԴԱԻՇՆ ավելի թանկ է, քան սեփական մայրը: