«Ժամանակ» թերթը զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ:
- Սրբազան, Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները նշում են, որ Պերմյակովը սատանիստ է, պայմանագիր է կնքել սատանայի հետ, գրառում կատարել սոցիալական ցանցում, որ ծառայում է սատանային և նրան կզոհաբերի մի քանի կանանց ու տղամարդկանց: Արժանահավա՞տ են Ձեզ համար այս փաստերը:
- Ես սատանայապաշտության մասնագետ չեմ և նիրենց ծիսական արարողություններին այդքան խորապես տեղյակ չեմ, որ անպայման արյուն պետք է լինի, իսկ ի՞նչ է, ավտոմատովը արյուն չէ, պետք է անպայման դանակով լինի՞: Դրա համար էլ սվինով էր խողխողել խեղճ երեխային, և սա լրիվ տեղավորվում է սատանայապաշտական եթե ոչ ծիսակատարության, ապա սատանային զոհ մատուցելու հետ: Եվ ես առաջին օրվանից էլ ասել եմ՝ սա մարդու գործ չէ:
- Ռուս զինվորի նկատմամբ Գյումրիում այս մեկ տարվա ընթացքում հանրության մոտ վերաբերմունք փոխվե՞լ է:
- Անշուշտ, փոխվել է, առաջվա նման սիրալիր չեն և զգոն են: Նախկինում ամեն քայլափոխի մի բան հյուրասիրում էին, ծխախոտ, հաց էին տալիս, իսկ հիմա՝ ոչ:
- Ի՞նչ եք կարծում, դատավարության ավարտից հետո հավատը կվերականգնվի՞ ռազմաբազայի, ռուս զինվորի նկատմամբ:
- Սա արդեն ռուսների գործն է, թող ռուսները անեն քայլեր, որպեսզի հավատը վերականգնվի, մենք պե՞տք է վերականգնենք հավատը ռուսի նկատմամբ, ռուսը պետք է վերականգնի: Մեզնի՞ց եք պահանջում գործողություններ, իրենցից պահանջեք:
- Իսկ ռուսը արե՞լ է քայլեր, որ իր նկատմամբ հավատը վերականգնվի:
- Ես չեմ տեսել, եթե ուրիշը տեսել է, թող ուրիշը վկայի:
- Սրբազան, ընդհանրապես ռազմաբազայի առկայությունը Գյումրիում որքանո՞վ է վտանգում կամ որքանո՞վ է պաշտպանում գյումրեցու անվտանգությունը:
- Միայն գյումրեցու համար չէ այդ ռազմաբազան, այն հանրապետական նշանակություն ունի և հանրապետական մասշտաբի խնդիրներ է լուծում: Այնպես որ, գյումրեցու ապահովության համար չէ, և եթե ուզում եք իմանալ, բոլորովին գյումրեցու ապահովության համար չէ: Գյումրեցին, ընդհակառակը, ավելի անապահով է: Բայց եթե պետք է հանրապետական հարցեր լուծելու համար, ուրեմն պետք է: Բայց գյումրեցին չի կարող պատանդ լինել և չպետք է պատանդ լինի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում