LifeNews-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել «Ռոյալ Արբատ» ռեստորան-կարաոկեում, որտեղ 31-ամյա Եկատերինա Կ.-ն իր ընկերուհիների հետ ժամանակ էր անցկացնում: Ավելի ուշ աղջիկների հետ ծանոթանալու են գնացել հարևան սեղանի հյուրերը: Ամբողջ երեկոյի ընթացքում երիտասարդ կանայք նրանց ուշադրության կենտրոնում են եղել: Քիչ անց կանայք միացել են երկրպագուներին:

 

Տղամարդիկ ծաղկեփնջեր են նվիրել նրանց, այնուհետև խնդրել երգել «ռոստովցի տղաների» համար: Դրանից հետո երիտասարդներից մեկը Եկատերինային հրավիրել է պարելու:

 

Երիտասարդ կինը հիշում է, թե ինչպես պարելու ժամանակ տղամարդն ասել է. «Ես ուզում եմ, որպեսզի նախաճաշ պատրաստես ինձ համար»: Տղամարդն սկսել է պնդել, որ նա իր հետ գնա: Եկատերինան կտրականապես հրաժարվել է և խնդրել երիտասարդի ընկերներին տանել նրան, քանի որ նա հարբած է եղել և անպատշաճ է պահում իրեն: Այդ խնդրանքից հետո բարեկիրթ երկրպագուներն ակնթարթորեն կերպարանափոխվել են:

 

Տղամարդիկ սկսել են սպառնալ աղջկան՝ ասելով, որ «ավելի վատ կլինի», եթե նա չգնա նրանց հետ: Եկատերինան շտապել է տաքսի կանչել, սակայն այդ պահին «կավալերներից» մեկը բռնել է նրա ձեռքը և քաշել նրան դեպի ելքը:

 

«Ես ոչինչ չէի կարող անել, քանի որ նա ֆիզիկապես շատ ավելի ուժեղ էր: Նախ նա մազերիցս քաշեց ինձ միջանցքով դեպի զուգարան՝ բղավելով. «Ես քեզ ցույց կտամ, թե ինչպես մերժել ***»: Մինչդեռ ռեստորանում գտնվող մարդիկ տեսնում էին, թե ինչ է կատարվում և չէին փորձել կանգնեցնել նրան, չնայած այն բանին, որ ես ճչում էի ու դիմադրում,- ասել է Եկատերինան: - Հետո իսկական դժոխք սկսվեց: Նա ինձ ուժով զուգարան տարավ, նետեց հատակին, գոռում էր, որպեսզի մարդիկ փակեն դուռը և չհամարձակվեն ներս մտնել: Նա մի քանի անգամ դեմքիս հարվածեց բռունցքով, ինչից հետո ես կորցրեցի գիտակցությունս: Արթնացա կոտրված ատամներով և պատռված հոնքով: Ես շոկի մեջ էի, ոչինչ չէի հասկանում, դեմքս արյան մեջ էր՝ գրեթե ոչինչ չէի տեսնում»:

 

Տուժած կինը գիտակցության է եկել այն պահին, երբ հաստատության ադմինիստրատորը սառույց էր դնում նրա գլխին: Վախենալով զայրացած տղամարդկանց կողմից նոր հարձակումներից՝ նա անմիջապես շտապօգնություն չի կանչել, իսկ դրա փոխարեն զանգել է բարեկամուհուն, որը նրան տուն է տարել: Կինը հիվանդանոց է գնացել միայն հաջորդ օրը՝ ուժեղ ցավ զգալով:

 

Եկատերինայի մոտ ախտորոշվել է ուղեծրային ոսկորի կոտրվածք, ուղեղի ծանր ցնցում, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, մարմնի շատ կապտուկներ, շուրթի պատռվածք և տեսողության վատթարացում: Նաև կոտրվել են երկու ատամները, ևս մի քանիսը՝ վնասվել: Մոդելին հոսպիտալացում է պահանջվել: