Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վստահ է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Այս մասին նախարարն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին՝ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը քաղբանտարկյա՞լ է, թե ոչ: «Բնականաբար, ոչ: Նա քաղբանտարկյալ չէ: Ես վստահ եմ, որ Հայաստանում ք աղբանտրակյալներ չկան»,- նշեց նախարարը:
Հարցին՝ տեսե՞լ է Ամանորի գիշերն Ազատության հրապարակում ոստիկանների և ակտիվիստների միջև բախման տեսանյութը, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ խոսքն ինչ տեսանյութի մասին է: Ես կնայեմ տեսանյութը, որից հետո միայն կկարողանամ ձեր հարցերին պատասխանել: Երբ նման դեպքերը կհայտնվեն իմ իրավասության շրջանակներում, բնականաբար, դա ինձ կհետաքրքրի: Բայց կոնկրետ այս դեպքում, երբ ես չեմ տեսել այդ տեսանյութը, զերծ կմնամ մեկնաբանություններից»,- եզրափակեց նախարարաը: