Ու նորից մեր սպասումներն արդարացան: Քանի՜ օր է՝ սպասում էինք, որ ԵԽԽՎ-ի հակահայկական բանաձևերի մասին վերջապես իր կարծիքը կհայտնի նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Չէ՞ որ մենք նաև այդպիսի գերատեսչություն ունենք, ԱԳ նախարար ունենք, պարզապես նրանք սովորություն ունեն ամեն ինչին բավականին ուշ արձագանքելու: Բայց հուսանք՝ այդ սովորությունը մի օր կվերանա…
Ինչևէ, լավ է ուշ, քան երբեք, և լավ է նաև, որ մեր ԱԳՆ-ն եթե ուզում է, այնուամենայնիվ, կարողանում է երբեմն իրադարձություններին սթափ գնահատականներ տալ՝ իրականությանը մոտ: Այս անգամն այդ դեպքերից էր, երբ Էդվարդ Նալբանդյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ չպետք է չափազանցնել ԵԽԽՎ բանաձևերի նշանակությունը, նման բանաձևեր նախկինում էլի են եղել, սակայն դրանք որևէ կերպ չեն ազդել գործընթացին: Ու վերջապես, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում միջազգային հանրության կողմից ճանաչված միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
Այո, իսկապես, տեղին էր ասված, որովհետև մեր պատգամավորները կարծես թե չափից դուրս սրտներին մոտ էին ընդունել իրավական որևէ ուժ չունեցող այդ որոշումները և վերջին օրերին մոռացել էին, որ երկրում ավելի կարևոր խնդիրներ էլ կան: Եվ որքան էլ տարօրինակ է՝ Էդվարդ Նալբանդյանը դա նրանց հիշեցրեց: Իհարկե, լավ կլիներ՝ Նալբանդյանը դեռ 2 օր առաջ դա հիշեցներ և ընդհանրապես նոր սովորություն որդեգրեր՝ ժամանակին արձագանքելու իրադարձություններին, բայց դե ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք:
Մնում է հուսանք, որ հետագայում մեր ԱԳ նախարարը կսկսի ավելի շուտ արձագանքել նման իրադարձություններին և ժամանակին ասել իր խոսքը, որպեսզի ոչ մեկիս մոտ այլևս հարց չառաջանա՝ մենք ԱԳՆ ունե՞նք, թե՞ ոչ:
Կարեն Վարդանյան