Երեկ Արմավիրի մարզի ՀՀԿ-ի երիտասարդական թևը նշել է «Սուրբ Վալենտինի» տոնը եւ փողոցում ծաղիկներ է բաժանել կանանց: Երիտասարդների ակցիան ավելի շատ քաղաքական բնույթ է կրել, քանի որ կրել են ՀՀ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսներով շարֆեր եւ ժիլետներ:
Կուսակցական երիտասարդների շարքերում եղել են նաեւ դպրոցահասակ երեխաներ, որոնք նույնպես կրել են թեկնածուի նախընտրական կարգախոսներով հագուստներ:
Երիտասարդներին, այդ թվում' «կուսակցականացված» երեխաներին ընդունել է Արմավիրի ՀՀԿ-ական մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Այլ հարց է, թե դպրոցահասակ երեխաներն ինչ կապ ունեն սիրո տոնի հետ, սակայն մարզպետ Ղահրամանյանը պետք է լավ իմանար «Կուսակցությունների մասին օրենքի» 17-րդ հոդվածի պահանջը, այն է' «Կուսակցության անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները…»:
Քանի որ դպրոցի տնօրենները եւս ՀՀԿ-ական են, նրանք նմանատիպ միջոցառումների վրա աչք են փակում եւ մոռանում են, որ երեխաները դպրոց պետք է հաճախեն, չբացակայեն եւ զերծ մնան քաղաքական միջոցառումներին մասնակցելուց: Հենց նույն պատճառով Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ժամանակ երեխաներին դասից կտրում և դրոշակ պահել են տալիս: