Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ երեկ հետաձգվեց Արմինե Մկրտչյանի գործով ընթացող դատական նիստը:
Թուրքիայում հայ մարմնավաճառուհիների ծառայությունների կազմակերպման ոլորտում գործունեություն ծավալած 41-ամյա Արմինե Մկրտչյանին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել ոչ թե բավական տարածում ունեցող թրաֆիքինգի՝ կանանց հավաքագրման ու սեռական շահագործման ենթարկելու, այլ հենց մարմնավաճառության համար Թուրքիա հասած հայ կանանց կողմից պոռնկություն անելուն նպաստելու և նրանց վաստակից գույքային օգուտ ստանալու համար:
Արմինե Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Ըստ մեղադրանքի՝ Արմինե Մկրտչյանը 2011 թվականի ապրիլ ամսին նախնական համաձայնության է եկել Թուրքիայում բնակվող Գոհար Կիրակոսյանի հետ, որպեսզի մարմնավաճառություն անելու համար Թուրքիա ժամանած ու «անտանիք» մնացած որոշ հայուհիների առնեն իրենց ղեկավարության տակ, նրանց վաստակած գումարների շոշափելի մասն էլ տեղավորեն իրենց գրպանների մեջ: «Գործարար» հայուհիները համաձայնության են եկել ու անցել գործի:
2011 թվականի ապրիլի 21-ին հնագույն մասնագիտությամբ զբաղվելու համար Թուրքիայի Հանրապետության Տրապիզոն քաղաք են ժամանել մարմնավաճառուհիներ Մարինան և Հայկանուշը:
Արմինե Մկրտչյանը «տեր է կանգնել» նրանց, Տրապիզոնից տեղափոխել Անկարա քաղաքում իր կողմից վարձակալած բնակարան:
Ըստ մեղադրանքի՝ այնտեղ բնակվելու ընթացքում Մարինային ու Հայկանուշին Արմինեն ապահովել է հաճախորդներով, հյուրանոցներ է տեղափոխել՝ հաճախորդների հետ հանդիպման, հաշվառել է մարմնավաճառուհիների կատարած «աշխատանքի» քանակն ու վաստակած գումարները, դրանք կուտակելու և նրանց վաստակից իր մասնաբաժինը ստանալու եղանակով կազմակերպել ու մինչև 2011 թվականի ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում նպաստել է հիշյալ կանանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Կարելի է ասել՝ եղել է Հայաստանից Թուրքիա ինքնատիպ «հյուրախաղերի» ժամանած կանանց «պրոդյուսերը» կամ, արվեստի աշխարհի օրինակով՝ «իմպրեսարիոն»:
Սա, թրաֆիքինգի հետ համեմատած, առավել մեղմ հանցատեսակ է՝ օրենքով սահմանված ավելի մեղմ պատժաչափերով:
Արմինե Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը:
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ին: