Այն, որ Հայաստանի տնտեսության այս կամ այն ոլորտի մասին իրական պատկերացում կազմելու համար պետական գերատեսչությունների կողմից տրամադրվող տվյալները վաղուց չեն կատարում իրենց բուն գործառույթը, հայտնի իրողություն է: Ասվածի վառ ապացույց է հանդիսանում, օրինակ,Հայաստանի տնտեսության ձկնաբուծության ոլորտը, որը, եթե հավատանք պետական չինովնիկների հավաստիացումներին, մեր երկրում «մի այլ կարգի» փթթման գործընթացի մեջ է հայտնվել. ծաղկում է ու բարգավաճում:



Այնինչ պարզվում է՝ ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: Ըստ ոլորտի մի շարք մասնագետների՝Հայաստանում ձկնարտադրությունը տարեցտարի հետընթաց է ապրում՝ հակառակ այն պաշտոնական պնդումներին, թե մեզանում ձկնային արտադրությունն իբր օրեցօր զարգանում է, իսկ ձկան արտադրության ծավալներն՝ անշեղորեն ավելանում: Այնինչ փաստ է, որ ձկնային տնտեսությունները, ոլորտի ոչ շահութաբեր լինելու և ձկնաբուծության համար նպաստավոր պայմանների բացակայության պատճառով, փակվում են, ինչի հետևանքով էլ էապես նվազում է շուկա արտահանվող ձկան պաշարը:

 

 

Հայաստանյան իրականությունն այսօր այնպիսին է, որ հուսալ, թե ինչ-որ մի օր ոլորտը կկարողանա շտկել իր մեջքն ու դառնալ իրական եկամուտ ապահովող բիզնես ճյուղ, անիրական մի բան կլիներ: Իսկ նման անբարեհույս վիճակի բուն պատճառներից են թանկ վարկերն ու մրցակցային դաշտի չգոյությունը, որոնք ստիպում են ձկնաբուծությամբ զբաղվողներից շատերին առհասարակ հրաժարվել այդ ոլորտից ու վաճառելով ամբողջ ունեցվածքը՝ լքել երկիրը. այդ տնտեսվարողների գրեթե 70%-ըվարկերի տակ է հայտնվել ու չի կարողանում դրանց տակից դուրս գալ: Այժմ ոլորտում այնպիսի իրավիճակ է, որ փաստացի տնտեսությունների միայն 10%-ն է, որ բարենպաստ պայմաններում է հայտնվել. այդպիսիք հիմնականում խոշորներն են (հավանաբար կռահում եք՝ ինչով է դա պայմանավորված):

 

 

Իհարկե, ոլորտի զարգացումը կանխող միակ պատճառը խոշոր արտադրողներով չէ, որ պայմանավորված է. առկա են նաև օբյեկտիվ գործոններ: Բանն այն է, որ Հայաստանում ձկան ինքնարժեքը սկզբից ևեթ բարձր է, իսկ ներքին շուկայում գնողունակության անկման, սպառման ծավալների նվազման պատճառով՝ ձկնարտադրողներն ի վիճակի չեն լինում իրենց ձուկն ավելի թանկ գնով իրացնել, այն գնով, որն իրենց իրական եկամուտ կապահովեր. արդյունքում՝ սպառվում է ներկրված ապրանքը՝ ի վնաս տեղի արտադրողի (Հայաստանում գրեթե ամենուրեք է նման պատկեր տիրում. մենք չենք կարողանում շահութաբեր արտադրություն կազմակերպել գրեթե ոչ մի ոլորտում):

 

 

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ըստ մեզ, ելքը մեկն է. ոլորտն առնել պետական հոգածության ներքո՝ իրականացնելով պետական սուբսիդավորում, արտահանման շուկաներ հայթայթելով և, ամենակարևորը, երաշխավորելով ազատ մրցակցային մթնոլորտ՝ բոլոր տնտեսվարողների համար՝ անկախ խանգարող հանգամանքներից… Ի դեպ վերջինը վերաբերում է ոչ միայն այս հարցին, այլև, առհասարակ, տնտեսության բոլոր ոլորտներին:

 

 

Դավիթ Բաբանով