Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի երեք դիմում է ստացել:

 

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն առաջարկել է Արման Թաթոյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ Զարուհի Փոստանջյանի, Տիգրան Ուրիխանյանը՝ Նարեկ Ալոյանի թեկնածությունը:

 

 

Նշենք, որ ԲՀԿ-ն նախապես հայտարարել էր, որ կներկայացնեն սեփական թեկնածուին' Մակար Եղիազարյանին, սակայն Տիգրան Ուրիխանյանը ներկայացրել է «Ալյանս» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Ալոյանի թեկնածությունը, այսպիսով խախտելով կուսակցական պայմանավորվածությունը:

 

 

Ըստ Նաիրա Զոհրաբյանի' իրենք պայմանավորվել էին ներկայացնել միասնական թեկնածու, ով կլիներ ԲՀԿ-ական Մակար Եղիազարյանը:

 

 

«Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

 

 

«Պաշտոնապես հայտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ եղել է քննարկում օմբուդսմենի թեկնածուների առաջադրման հարցի վերաբերյալ: Քննարկումները մինչ օրս շարունակվել են, իսկ պայմանավորվածություն, որ ԲՀԿ-ի թեկնածուին պետք է առաջադրի «Ալյանս»-ի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը՝ չի եղել: Ով պնդում է հակառակը՝ ստում է, ապացույցները պատրաստ ենք ներկայացնել:

 

 

«Ալյանս»-ն առաջադրել է սեփական թեկնածուին, իսկ ԲՀԿ-ն կարող էր, և դեռ էլի կարող է ներկայացնել լրացուցիչ անդամ պետաիրավական հանձնաժողովում և առաջադրել սեփական թեկնածուին: Ըստ էության այդպիսինն է եղել պայմանավորվածությունը»: