ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ընդդիմադիր մի քանի ուժերին առաջարկում է ստեղծել ընդդիմադիր կոալիցիա և մասնակցել առաջիկա ընտրություններին: Բագրատյանն այդ կոալիցիայի կազմում տեսնում է «Ազատ դեմոկրատներին», ՀԱԿ-ին, «Ժառանգությանը», «Նոր Հայաստանին», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, «Հանրապետություն» և ՀՀՇ կուսակցություններին և շարժումներին: Մինչ այս պահը կուսակցություններից միայն «Քաղաքացիական պայմանագիրը» և «Լուսավոր Հայաստանն» են արձագանքել Բագրատյանի հայտարարությանը՝ նշելով, որ իրենք ընտրություններին մասնակցելու են միայնակ, սեփական ցուցակով: ԼՈՒՐԵՐ.com-ը հարցի վերաբերյալ որոշեց ներկայացնել մյուս կուսակցությունների և ուժերի տեսակետները ևս:

 

«Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց թե՛ ՀԽ-ի, թե՛ «Նոր Հայաստանի» տեսակետը՝ ընդդիմադիր կոալիցիա ստեղծելու վերաբերյալ:

 

- Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս եք վերաբերվում Հրանտ Բագրատյանի առաջարկին: «Նոր Հայաստանի» օրակարգում կա՞ նման հարց:


- Մեր օրակարգում ընտրություններին մասնակցելու հարց չկա, այդպիսի հեռանկար մենք չենք տեսնում: Մենք հայեցակարգային մոտեցում ունենք ընտրությունների հետ կապված, այդ մոտեցումը հայտնի է: Այս ռեժիմի վերահսկողությամբ ընտրություններին մասնակցելը արդյունավետ չէ, շատ մեղմ եմ ասում, որ արդյունավետ չէ: Ռեժիմին ինչ արդյունք պետք է, նա կստանա: Ստացվում է՝ մենք լեգիտիմացնում ենք ռեժիմի վերարտադրությունը: Այդ բնույթի ընդդիմադիր գործունեությունն արդյունք տալ չի կարող: Ընտրական իրավունքը երաշխավորված չէ, հակառակը՝ ամբողջությամբ յուրացված է: Այդ իսկ պատճառով, նույնիսկ տեխնիկապես հնարավոր չէ արդյունքի հասնել: Մնացած բոլոր դատողությունները, որ կարելի է վստահված անձանց համախմբել, մարդկանց մոբիլիզացնել և այլն, դրանք իրականությանը չեն համապատասխանում: Իրականությունը մենք տեսանք, ինչ տեղի ունեցավ հանրաքվեի ժամանակ: Իրականում ռեժիմը դժվար թե նույնիսկ 10 տոկոս ձայներ հավաքած լիներ, բայց այնպես ստացվեց, որ «այո»-ն «ոչ»-ից երկու անգամ շատ էր, միշտ էլ այդպես կլինի:

 

- Ձեր կարծիքով՝ Հրանտ Բագրատյանը ինչու՞ հենց հիմա նման առաջարկով հանդես եկավ:


- Ես ենթադրում եմ, որ ընդդիմադիր ուժերին մոբիլիզացնելու գաղափարը հույս է տալիս, որ միգուցե հնարավոր լինի արդյունքի հասնել: Բնականաբար, դրական մղումներով պարոն Բագրատյանը որոշեց նման առաջարկով հանդես գալ: Պարոն Բագրատյանը շատերից շատ լավ գիտի, որ երկիրը դեպի աղետ է գնում, շատ լավ տիրապետում է բոլոր տվյալներին, գիտական մակարդակով տիրապետում է և նրա մոտ առաջացել են նման ահազանգային տրամադրություններ, որ պետք է երկիրը փրկել: Իրականում մեր հասարակությունը և քաղաքական ուժերի մի մասը պետք է մեկ հարցի պատասխանի: Պետական կառավարման այս համակարգը, որն այս պահին մարդկային ընկալումների տիրույթում Սահմանադրությունից էլ զրկվեց, նման պարագայում այդպիսի քրեական համակարգը պահելը՝ դրան սնուցելով ընտրություններին, հանրաքվեներին մասնակցելով, արդյոք ողջամի՞տ է, ի՞նչ իմաստ ունի այս կիսագաղութային կեղեքման գործիքը պահել, որպեսզի մենք ամբողջությամբ վերածվենք գաղութի: Չե՞նք հասկանում՝ ինչ է կատարվում: Եթե մենք մտածում ենք, որ դեռ կարելի է մասնակցել ընտրություններին, ինչ-որ բան անել, այս համակարգը պահել, չի լինի: Սևակի բառերով ասած՝ սա առաջին հացն է, որը պիտի կուտ գնա, երրորդ պետությունը հնարավոր չէ պահել, պետք է նորը ստեղծել:

 

- Եթե, այնուամենայնիվ, որոշակի կոալիցիա ստեղծվի ընդդիմադիր ուժերով, «Նոր Հայաստանը» կամ «Հիմնադիր խորհրդարանը» որևէ դերակատարություն կունենա՞, թե՞ ձեր դիրքորոշումը կտրականապես ոչ է:


- Ես կրկնում եմ՝ մեր մոտեցումը հայեցակարգային է: Իսկ հետագայում թե ինչպես կլինի, ինչ կլինի, մարդկանց գաղափարների մեջ կլինե՞ն փոփոխություններ, թե ոչ, ոչ ոք չի կարող ասել, դա գուշակությունների դաշտից կլինի:

 

Քրիստինա Աղալարյան