Կառավարությունը հերթական անգամ դարձավ իր իսկ չմտածված քայլից տուժողը, կամ էլ միգուցե իշխանական շրջանակներում ինչ-որ մեկի մտածված ծրագիրը ձախողվեց: Դեռ ամիսներ առաջ անհանգստանում էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի շենքում «ընտանեկան կազինո» է լինելու (ընտանեկան ժամանցային կենտրոն, որի մեջ, չգիտես՝ ինչու ներառված էր նաև խաղատուն), իսկ հիմա այլևս կարող ենք չանհանգստանալ, քանի որ այնտեղ ոչ միայն «ընտանեկան կազինո» չի լինի, այլ ընդհանրապես շենքի վաճառքի պայմանագիրը կառավարությունը չեղարկել է:

 

Հիշում ենք, որ Մարզահամերգային համալիրի շենքն անցած տարի վաճառվել էր խիստ կասկածելի մի ընկերության, որն ընդամենը վերջերս էր գրանցվել, այն էլ Երևանի բնակարաններից մեկում, հետո էլ պարզվել էր, որ սեփականատերն այլ մարդ է՝ ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանը, ով նախկինում ձերբակալված է եղել ֆինանսական խարդախությունների կասկածանքով: Եվ նման անցյալ ունեցող մարդու հետ մեր կառավարությունը կնքել էր 30 միլիոն դոլարանոց գործարք, որից անցել են ամիսներ, և մեր կառավարությունը նոր է հասկանում, որ կասկածելի անցյալով այդ ընկերությունը և այդ սեփականատերը չի կարող կատարել իր ֆինանսական պարտավորությունները:

 

Ով՝ ով, բայց կառավարությունն, իմ կարծիքով, իրավունք չունի նման անհեռատես, անպատասխանատու գործարքների մեջ մտնել, այն էլ կապված այնպիսի կարևոր շենքերի հետ, ինչպիսին Մարզահամերգային համալիրն է: Իհարկե, չի բացառվում նաև, որ այդ չկայացած գործարքի մեջ այն անձանց շահեր էլ կային, ինչը միգուցե ի վերջո բացահայտվի կամ էլ չբացահայտվի: Ամեն դեպքում առայժմ Մարզահամերգային համալիրը փրկված է, առայժմ:

 

Կարեն Վարդանյան