Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ԱՄՆ հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ կապված Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) ահաբեկչական կառույց չհամարելու հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետդեպի փոխխոսնակ Մարկ Թոները հայտարարել է, որ իրենք միակարծիք չեն Թուրքիայի հետ:

 

«Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) ահաբեկչական կազմակերպություն է: Սակայն PKK-ի և PYD-ի միջև ակնհայտ տարբերություն կա: PYD-ի հարցում Թուրքիայի հետ համակարծիք չենք»,- ասել է Թոները:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 10-ին մեղադրել է Միացյալ Նահանգներին Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) ոչ ահաբեկչական համարելու հարցում՝ նշելով, թե PYD-ն և PKK-ն նույն կառույցն են: «ԱՄՆ-ին ասում ենք, որ PYD-ն ահաբեկչական կազմավորում է: Իսկ ամերիկացի պաշտոնյաները կանգնում ու ասում են, թե «ոչ, մենք այն որպես ահաբեկչական կառույց չենք դիտարկում»... ԱՄՆ, քեզ քանի անգամ ասացինք՝ մե՞զ հետ ես, թե ահաբեկչական PKK-ի և PYD-ի»,- ասել էր նա: