Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է փետրվարի 12-ին ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Էլմիր Սարխան օղլու Զեյնալովի մահվան մասին՝ չնշելով այլ մանրամասներ:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Դրանով Ադրբեջանի ՊՆ-ը խոստովանել է այս տարվա սկզբից Ադրբեջանի զինված ուժերում եւ պաշտպանական համակարգի այլ կառույցներում արդեն 5-րդ զինծառայողի մահը:
ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական աղբյուրների եւ սոցցանցերի հաղորդագրությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 7 զոհ, 2 վիրավոր:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ փետրվարի 12-ին եւ լույս 13-ի գիշերը հակառակորդը, խախտելով հրադադարը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 900 կրակոց է արձակել, եւ ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: