Օրեր առաջ նախագահականում նախագահ Սերժ Սարգսյանի և հանրապետականների հանդիպման ժամանակ հնչեցված ճառը, կարծես, վերցված էր այլ երկրի նախագահի ճառից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

 

Վերջինս այլ երկրի նախագահ ասելով՝ նկատի ուներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ալավերդյանը Սերժ Սարգսյանի ելույթում, բացի իմաստային թերություններից, մատնանշեց նաև քերականական մի շարք սխալներ: «Նախագահի նման ելույթները պետք է գրեն վերին աստիճանի պրոֆեսիոնալ մարդիկ: Այս անգամ գրողները երևի փոխվել էին: Սա շատ վիրավորական է: Ես՝ ինքս, ունենալով ռուսական կրթություն՝ մի շարք սխալներ եմ նկատել ելույթում»,- մանրամասնեց Ալավերդյանը:

 

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի ելույթում կար մեկ կարևոր ուղերձ: «Շվեցարիայում սկսված գործընթացն այլևս չի կարող քաղաքական օրակարգում լինել»,- նշեց բանախոսը:

 

Առաջին օմբուդսմենի խոսքով՝ Ս. Սարգսյանի ելույթն ավելի շատ ուղղված էր իր թիմակիցներին, հանրապետականներին, բայց ոչ հասարակությանը: Նոր նշանակումներն էլ, Ալավերդյանի կարծիքով, ընդամենը մարդկանց փոփոխություն է: «Ես չտեսա այն ծրագիրը, որով Հայաստանը պետք է զարգանա»,- ասաց նա:

 

Ընդհանուր առմամբ, Ալավերդյանը համարում է, որ երկրի նախագահի ելույթներում չպետք է լինեին հռետորական հարցականներ: