Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ օրեր առաջ Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, որդու և թիկնապահների մասնակցությամբ: Ըստ ոստիկանության տվյալների՝ նախկին քաղաքապետն ու իր որդին թիկնապահների հետ միասին վիճաբանել են մի քանի երիտասարդի հետ, որոնց թվում է եղել նաև «Օլիմպիական Հայաստան» մարզական միության բռնցքամարտի մարզիչ Գարիկ Բաղդասարյանը։ Պատմության մեջ տարօրինակն այն է, որ տուժողները ոստիկանությունում հետո հայտնել են, որ որևէ ծեծկռտուք տեղի չի ունեցել։ Ինքը՝ Վարդան Ղուկասյանը, ևս հերքել է այդ հրապարակումը՝ այն կապելով առաջիկա ընտրությունների հետ։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Ամիրխանյանը նշեց, որ կատարվում է անաչառ քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Հարցին՝ նախկին քաղաքապետը և իր որդին եղե՞լ են ոստիկանության բաժնում, Ամիրխանյանը պատասխանեց. «Ոստիկանության հաղորդարգության մեջ սևով սպիտակի վրա գրված է»։ Իսկ հաղորդագրության մեջ գրված է, որ Վարդան Ղուկասյանը և որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, տարվել են ոստիկանություն, այնուհետև ազատ արձակվել։
Գյումրիի մեր աղբյուրները միաժամանակ նշում են, որ ծեծկռտուքի մասնակից մարզիչը և Վարդան Ղուկասյանը մոտ հարաբերություններ են ունեցել, հնարավոր չէր ծեծկռտուք տեղի ունեցած լիներ։ Մնում է սպասել այս տարօրինակ պատմության հետագա զարգացումներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին՝ ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 11-ին՝ կեսօրին, Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող մանկական սրճարանում, վիճաբանության ժամանակ, 1983 թ. ծնված, նախկինում դատապարտված Սպարտակ Ղուկասյանը՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին իր ընկերոջ՝ 1986 թ. ծնված Պատվական Մ.-ի հետ մահակներով ծեծի են ենթարկել 1979 թ. ծնված Նորայր Ս.-ին և 1979 թ. ծնված Գարիկ Բաղդասարյանին։