«Հայազն» կուսակցությունն առաջարկում է ստեղծել Ազգային հեղափոխության քաղաքական խորհուրդ, որի կազմի մեջ լինելու են ազգային-հեղափոխական հայացքներ ունեցող քաղաքացիներ, կազմակերպություններ, քաղաքական գործիչներ և այլն: Այս մասին այսօր «Կոնգրես» հյուրանոցում հրավիրված համաժողովի ժամանակ հայտարարեցին «Հայազն» կուսակցության վարչության անդամները: Վարչության անդամ Արմեն Աղայանն իր ելույթում նշեց, որ իրենք պատրաստել են մի նախագիծ, որը կարելի է կոչել ընդդիմափոխություն՝ ընդդիմադիր դաշտի փոփոխություն:

 

«Մենք առաջարկում ենք մարզերում բոլորի մասնակցությամբ ստեղծել ազգային հեղափոխության քաղաքական խորհուրդ, որը համակարգելու է այդ պայքարը: Դրան զուգահեռ ընտրել ազգային հեղափոխականների միասնական ցուցակ՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար: Մենք կարևորեցինք այս ընտրություններից մեկ տարի առաջ կազմակերպել այս խորհուրդը»,- ներկայացրեց Աղայանը:

 

Ըստ նրա՝ իշխանափոխությունն իմաստ չի ունենա, եթե դրա արդյունքում չեն ունենալու ազգային պետություն: «Հետևաբար, հարց է առաջանում՝ ժողովուրդն ո՞ւմ է վստահում, ո՞ր ծրագրին է հավանություն տալու: Դրա համար շատ կարևոր է, որ ընտրվի ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը: Մենք միայն ուշադրություն ենք դարձնում իշխանությանը, բայց պետք է ասել, որ մեր բոլոր առաջնորդները ինքնահռչակ են»,- ասաց կուսակցության վարչության անդամը:

 

Աղայանի խոսքով՝ այսօր ազգային հեղափոխության հանրային պահանջը կա, սակայն տարբերակները չկան: «Մենք կներկայացնենք, թե ինչ ձևով կարելի է դա անել, ինչ ֆինանսավորմամբ: Մեր պայքարն ունի մի քանի փուլ: Եթե մենք պետք է ունենանք իշխանափոխություն, ապա մենք պետք է ունենանք այլընտրանք: Եթե մենք ուզում ենք ունենալ իսկապես ազգային ընդդիմություն, ապա այսօրվանից պետք է ինքնակազմակերպման խնդիր լուծենք»,- իր խոսքում մանրամասնեց «Հայազնի» վարչության անդամ Արմեն Աղայանը: