Ազգային ժողովը քննարկում է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է տարանջատել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները:
Հիմնական զեկուցողը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է, ով էլ զեկուցումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար՝ որպես նախկին պատգամավոր, հետաքրքիր էր քաղաքական ամբիոնում քաղաքական հիմնավորումների տարօրինակ լինելը կամ զարմանալը:
«Ես չեմ փորձում համոզել արդյունավետությունը կառավարման տեսանկյունից: Մեր գործընկերների խնդիրն այն է, որ հարցն ուզում են դիտարկել արդյունավետ կառավարման տեսանկյունից: Ես նման խնդիր չեմ հիմնավորել և չեմ էլ փորձել ասել, որ մեկուկես տարի առաջ մենք համարում էինք, որ կառավարումն արդյունավետ է, իսկ այժմ համարում ենք, որ ոչ: Եթե իմ տարբեր գործընկերներ նմանատիպ ձևաչափով մեկնաբանություններ են ուզում լսել, ապա ես չեմ տա»,- ասաց նախարարը:
Հարցին, թե ինչքանով է ճիշտ պարբերաբար նախարարությունները միացնել-անջատելը, նախարարը չհերքեց առկա բարդությունները և նշեց, որ դրանք այդքան էլ հարթ ընթացող գործընթացներ չեն. «Մենք միայն մասնագիտական տեսանկյունից չենք դիտարկում, հարցն ի սկզբանե քաղաքական հարթության մեջ է: Այդ նախարարություններն արդյունավե՞տ կգործեն, թե՞ ոչ, կամ ինչո՞ւ է այդպես որոշվել, բացի քաղաքական հիմնավորումներից, այլ բան չկա»:
Նախարարը փոփոխությունների որպես օրինակ բերեց Իսրայելի տարբերակը, ըստ որի՝ 12 նախարարություն մեկ տարվա մեջ տրոհվել և դարձել է 30:
Նկատառմանը, թե մեզ մոտ դրանից կարևոր խնդիրներ կան լուծելու, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Համագործակցության ձևաչափը ամենատարածված լուծումներից մեկն է: Եթե համագործակցության ենք գնում, նշանակում է՝ պատասխանատվություն ստանձնել, իսկ պատասխանատվություն ստանձնելու համար պետք է ունենաս գործունեության համապատասխան ոլորտ»: