Այն, որ «Կիսաբաց լուսամուտներ» ծրագիրը հայաստանյան հեռուստաշոուների ամենասկանդալային ծրագրերից մեկն է չենք կարող հերքել:
Դրա պարզ բացատրությունն այն է, որ ծրագրին հյուրընկալվում են սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող ընտանիքներ ու իրենց անձնական խնդիրներն են հանրայնացնում, դե իսկ հրավիրված փորձագետներն էլ դեպքերի ու մարդկանց ճակատագրերի մասին իրենց դարակազմիկ տեսակետներն են հայտնում, երբեմն` դուրս գալով կոռեկտության սահմաններից:
Հաղորդման հերթական հյուրը մի երիտասարդ տղա է, ով բարձրաձայնում է հասարակության մեջ իր ունեցած խնդիրը, բանն այն է, որ հերոսը` Էդգարը, իր սեռական կողմնորոշման պատճառով չի կարողանում աշխատանք գտնել և բարձրաձայնում է, որ Հայաստանում իր իրավունքները ոտնահարված են:
Որպես փորձագետ տաղավարում նստած փաստաբան Գարիկ Գալիկյանը բավականին կոպիտ արտահայտվեց նույնասեռական Էդգարի մասին. «Ես միշտ պայքարել եմ իրենց դեմ, պայքարում եմ ու պայքարելու եմ: Երբ տեսնեմ, տրորելու եմ, ոտնատակ եմ անելու, ու պետք է վառել, այո, որովհետև մենք ունենք երեխաներ: Դուք գիտե՞ք, թե իր նմանների պատճառով ինչքան մարդ է փտում բերդերում»:
Ահա այսպիսի և նմանատիպ արտահայտություններ բազմիցս կարող եք լսել հաղորդման ընթացքում: Միայն մի նկատառում ունենք, ըստ մեր տեղեկությունների, նման ագրեսիվ վարքագիծ դրսևորած և միայն մերժողական դիրքից հանդես եկող փորձագետների մեջ ևս նույնասեռական անձինք կան, սակայն մենք չենք հրապարակի կոնկրետ անուններ, ենթադրելով, որ մեր ընթերցողներին հետաքրքիր չէ այլոց նախընտրություններն անկողնում, բայց մի բան պետք է փաստենք` «Գողն առաջինն է բղավում գողացան»: