Ռուս-թուրքական լարված հարբերություններում Հայաստանը պետք է դաշնակցի Ռուսաստանի հետ, ոչ թե հպատակվի։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ խոսելով ռուս-թուրքական ներկա հարաբերությունների մասին։
-Պարոն Շիրինյան, այս իրավիճակում ի՞նչ քաղաքականություն պետք է որդեգրի Հայաստանը.
-Մենք պետք է աշխատենք Ռուսաստանի հետ ունեցած պայմանագրի բովանդակությանը համապատասխան։ Մենք մեզ վասալի, հպատակի, խեղճ ու կրակի նման չպետք է պահենք։ Արժանապատիվ կեցվածքով պետք է մեզ պահենք։ Ամեն հայ էլ հասկանում է, որ չենք կարող այդ Սոդոմ –Գոմորում խուսափել, որովհետև կա տնտեսական, քաղաքական համագործակցություն, դրանից բացի էլ` պաշտպանական համակարգն է իրենց հետ։ Մեզնից կախված չէ՝ խառնվել-չխառնվելը։ Եթե Թուրքիան, որպես թույլ օղակ ընտրեց Հայաստանը ճզմելու համար, ապա այդ դեպքում մենք դաշնակցին պետք է դիմե՞նք, թե՞ չէ` իհարկե։ Դրա համար այս բալանսը պետք է որոնել և դաշնակցային հարաբերություններ պահպանել։ Պետք է աշխատենք այնպիսի վիճակ առաջացնել, որ Ռուսաստանը մեզ հետ հարաբերվի ոչ թե ժողովրդի,ՀԿ-ների, իր համակիրների միջոցով, այլ` պետական խողովակով։
-Ինչ վտանգներ են սպառնում Հայաստանին։
-Առաջինը թուրքական վտանգն է, հետո ադրբեջանականը, որովհետև մենք չենք կարող կանխատեսել, թե որ պահին իրենք մեզ գործի մեջ կքաշեն։ Խոսքը թուրքական և ադրբեջանական տանդեմի մասին է։ Վերջին շրջանում հակառուսական ալյանս է ձևավորվել կամ ձևավորման ընթացքի մեջ է` Անկարա-Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետություն կոչվածը, Բաքու, Կիև և Վրաստան։ Անկարան փորձում է կոնֆեդերատիվ պետությանը միացնել Վրաստանին և Ուկրաինային։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի դեմ հաճույքով գործարքի են գնացել թուրքերի հետ և ստացել են։ Այս կորդինատների մեջ մեր շահերի հետապնդման քաղաքականություն պետք է վարել, եթե իրադրությունը սրվի։
-Այսինքն՝ Հայաստանը պետք է չեզոքությո՞ւն պահպանի։
-Չի կարող։ Բայց պետք է փորձի կողքի մնալ, ինչքան հնարավոր է։ Քաղաքական ռազմական ղեկավարությունը պետք է գիշեր -ցերեկ հետևի, թե քայլերը մեր ազգային շահերին հարիր է, թե` չէ։ Գործի մեջ պետք է մտնել միայն այն ժամանակ, երբ մեր ազգային, պետական շահերը կոնկրետ կշոշափվեն։ Դրա համար ես մտածում եմ՝ ռուսներին պետք է հասկացնել, որ Ադրբեջանը թուրքերի հետ մտնելու է գործի մեջ, հայկական կողմն իր վրա պետք է վերցնի Ադրբեջանին ճզմելու ֆունկցիա, աշխատանքի բաժանում պետք է կատարվի։ Նման սցենարներ միշտ պետք է քննարկվեն, քանի որ սա շատ հավանական է։ Մենք հեռու չենք կարող մնալ և մենք մի գիտակցումով պետք է գնանք առաջ, որ մենք ուրիշ պետություն ենք, մեր բանակն ուրիշ բանակ է, մենք ճորտ չենք: Անընդհատ 1915 թվականի պատմական փորձը չպետք է բերենք։ Հայտնի չէ, թե այն ժամանակ որպես ժողովուրդ իրենց հետ էինք, թե` ոչ։ Հիմա պետություն ենք։ Այստեղ պետք է նկատի ունենալ նաև Իրանի դիրքորոշումը։ Իրանը հայտարարություններ չի անում, բայց հստակ աշխատել գիտի։ Մնացածը ապրենք կտեսնենք։
Քրիստինե Աղալարյան