Այսօր՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, խոսելով երեկ՝ փետրվարի 21-ին, «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անդրանիկ համագումարի մասին, անդրադարձել է կուսակցության անվանմանը՝ այն որակելով գողություն: Անդրադառնալով այս հարցին` «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անդամ, ազատամարդիկ Վաչագան Չիբուխչյանը, նշել է որ նման հայտարարություններ անելը ազատամարտիկին պատվիվ չի բերում. «Հայկական վերածնունդ»-ի մի մասնիկն էլ մենք ենք՝ ազատամարտիկներս, մենք էլ այնտեղ լումա ունենք: Նա մեծ սխալ է թույլ տվել՝ նման արտահայտություն անելով, քանզի մենք Արթուր Բաղդասարյանի հետ միասին ենք որոշել «Հայկական վերածնունդ» անվանումը: Բազմաթիվ անգամ հայտարարվել է, որ «Հայկական վերածնունդ» անվանումը ոչ մեկի սեփականությունը չի և նրանք, ովքեր իսկապես վերածնունդ են ցանկանում, թող իրական քայլեր անեն այդ ուղղությամբ և աշխատեն, այլ ոչ թե սրա-նրա վրա ցեխ շպրտելով ինչ-որ էժանագին դիվիդենտներ շահեն: Հիմնադիր խորհրդարանի անդամ Պավել Մանուկյանը խոսել է նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությանը լուրջ վերաբերվելու մասին:
«Երեկվա բազմահազարանոց համագումարը ցույց տվեց մեր կուսակցության լրջությունը: Ի հակադրություն դրա մենք գրեթե ամեն օր տեսնում ենք իրենց կազմակերպության գործունեությունը, իսկ իրենց այսպես կոչված հանրահավաքներում մի 10-20 մարդ է հավաքվում ու երբ համեմատում ենք այս ամենը , ակնհայտ է դառնում, թե ով է լուրջ ընկալվում իրականում, ով՝ ոչ: Այդ քաղաքական շարժման ներկայացուցչին խորհուրդ կտամ ավելի շատ ուշադրություն կենտրոնացնեն իրենց կազմակերպության վրա, քանի որ իրենք իսկապես լուրջ ընկալվելու խնդիր ունեն, իսկ երեկվա հիմնադիր համագումարը «Հայկական վերածննդի» և Արթուր Բաղդասարյանի համակիրների բանակի մի փոքր մասնիկն էր»,- ընդգծել է Չիբուխչյանը: