Կրեմլի կայքում հրապարակվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որը վերաբերում է Սիրիայում հրադադարի հաստատմանը: Պուտինի հայտարարությունը ցուցադրվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հենց նոր հեռախոսազրույց տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Խոսակցությունը նախաձեռնել էր ռուսական կողմը, բայց շահագրգռությունն, անտարակույս, երկուստեք էր: Զրույցի ընթացքում մենք հավանություն տվեցինք Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությանը»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունը «իրական քայլ է արյունահեղության դադարեցման համար»:
Դրա հետ մեկտեղ պետության ղեկավարն ընդգծել է, որ կրակի դադարեցման ռեժիմը չի տարածվում Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների վրա: «Դրանց այսուհետև էլ հարվածներ կհասցվեն»,- Պուտինի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուսաստանի ղեկավարը ճշտել է, որ Սիրիայում կռվող բոլոր կողմերը պետք է զինադադարին իրենց համաձայնությունը հաստատեն մինչև փետրվարի 26-ի ժամը 12:00-ն: Ընդդիմությունը, նշել է նա, պետք է պարտադիր կարգով դադարեցնի մարտական գործողությունները:
Փետրվարի 22-ին ավելի վաղ հրապարակվել էր Սիրիայում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ հրադադարն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին՝ Դամասկոսի ժամանակով ժամը 00:00-ից: